Ուրբաթ, 17 Մայիսի 2013 16:37
Հայաստանի բանկային շուկայում արժութային գործառնություններից գոյացած շահույթով առաջատարն է Արդշինինվեստբանկը
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկը, որպես արժութային ամենաակտիվ դիլերներից մեկը, Հայաստանի բանկային շուկայում արժութային գործառնություններից գոյացած շահույթով դարձել է առաջատարը, ապահովելով 346.3 մլն.դրամի շահույթ և տարեկան կտրվածքով գրանցելով 31% աճ, ինչի արդյունքում բանկի տարեկան եկամուտներն աճել են 46%, հնարավորություն տալով էապես մեծացնել զուտ շահույթը: Այսպես, բանկի շահույթը տարեկան կտրվածքով աճել է 4 անգամ, մինչև 1.1 մլրդ.դրամ, ինչի շնորհիվ այս ցուցանիշով բանկը հայտնվել է առաջատարների եռյակում, գրեթե վերականգնելով շահույթի նախաճգնաժամային մակարդակը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, ընդհուպ մինչև 2008 թվականի 4-րդ եռամսյակն Արդշինինվեստբանկն արժութային գործառնություններով հանդիսանում էր համակարգի առաջատարը, սակայն, ճգնաժամի հետևանքով բանկի ֆինանսական արդյունքները վատացան, ինչի արդյունքում առաջատարների հնգյակում տեղի ունեցավ տեղերի ռոտացիա: Բայց սեղմ ժամկետներում, արդեն 2009 թվականի արդյունքներով, Արդշինինվետբանկը կրկին զբաղեցրեց առաջատար դիրքեր, պահպանելով այն նաև 2013 թվականի առաջին եռամսյակում:
Ընդհանուր առմամբ, բանկային համակարգում արժութային գործառնություններից գոյացած զուտ շահույթը 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 2.2 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 5.1% աճ: Ընդ որում, տարադրամի առք և վաճառքից գոյացած շահույթը կազմել է 2.8 մլրդ.դրամ, իսկ արժույթի վերագնահատումից գոյացած վնասը կազմել է 625.8 մլրդ.դրամ, և այս բացասական ցուցանիշն արձանագրվեց 12 բանկերում: Բացի այդ, արժույթի առք և վաճառքից գոյացած շահույթը տարեկան կտրվածքով գրեթե չի փոփոխվել, իսկ արժույթի վերագնահատումից գոյացած վնասը կրճատվել է 8.6%, չնայած, որ մեկ տարի առաջ բացասական ցուցանիշով բանկերի թիվը կազմում էր 10:
Հարկ է նշել, որ Արդշինինվեստբանկը Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է նաև մի շարք այլ` բանկի եկամտային մասը ձևավորող ցուցանիշներով: Դա կորպորատիվ և մանրածախ վարկավորումն է` համապատասխանաբար զբաղեցնելով 4-րդ և 3-րդ տեղերը, գրանցելով տարեկան կտրվածքով 20% աճ: Բանկը ետ չի մնում նաև պարտավորությունների գծով, որոնց կազմում ժամկետային ավանդներով նույնպես գտնվում է առաջատարների հնգյակում, ընդ որում, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով զբաղեցնում է 2-3 տեղերը: Բանկի հավասարակշռված գործունեությունը, եկամուտների մեծացման առումով, ինչպես նաև միջոցներ ներգրավելու ակտիվ քաղաքականությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայից, թույլ տվեցին զգալիորեն բարելավել ROA և ROE արդյունավետության ցուցանիշները, մոտեցնելով դրանք նախաճգնաժամային մակարդակին: