Շաբաթ, 18 Մայիսի 2013 11:53
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
ԱրմԻնֆո: Հանձինս Ամերիաբանկի` Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց հայաստանյան բանկին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունից, առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme) շրջանակներում սույն թվականի մայիսի 9-ին ՎԶԵԲ-ը Ստամբուլում կազմակերպել էր միջոցառում, որի ժամանակ Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն ագիկ Սահակյանը ստորագրեց պայմանագիր, որի համաձայն առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո Ամերիաբանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ:
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշել է. ՙՆման կարգավիճակի ստացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում առևտրի ֆինանսավորումը զարգացնելու համար: Այն մեծապես կնպաստի արտահանման ծավալների աճին և տեղական արտահանողների համար առավել հասանելի կդարձնի առևտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման ակրեդիտիվների և բանկային երաշխիքների հաստատումը և սպասարկումը: Հաստատող բանկի կարգավիճակը նաև ձեռքբերում է այն առումով, որ առաջին անգամ ՎԶԵԲ-ի հաստատող բանկերի ցանկում ներառվեց նաև hայաստանյան բանկ` ի դեմս Ամերիաբանկի՚:
Հիշեցնենք, որ 2012 թ. նոյեմբերի վերջին Ամերիաբանկը ներդրել է ակրեդիտիվների հաստատման ծառայություն`ստորագրելով արտասահմանյան բանկը հայկական ընկերության հետ կապող`հայաստանյան բանկային համակարգի համար առաջին եզակի պայմանագիրը: Շնորհիվ ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և կայուն գործընկեր, Ամերիաբանկը հնարավորություն է ստանում ակտիվորեն համագործակցել օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` իր հաճախորդների առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ: Մինչ այդ Ամերիաբանկն արդեն ներդրել էր ակրեդիտիվների թողարկման ծառայություն:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: