Չորեքշաբթի, 29 Մայիսի 2013 21:08
Անելիք Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյան ընտրվել է Հայաստանի բանկերի միության նախագահ
ԱրմԻնֆո. Մայիսի 24-ին Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի նիստում կայացել է Հայաստանի բանկերի միության նախագահի հերթական ընտրությունը, որի արդյունքում միաձայն ՀԲՄ նախագահ է ընտրվել ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, Սամվել Ճզմաչյանը նախկինում ևս (2003 -2006 թվականներին) ղեկավարել է Հայաստանի բանկերի միությունը:
ՙԵս շնորհակալ եմ Հայաստանի բանկերի միության խորհրդին բանկերի համար շատ կարևոր և մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ՀԲՄ նախագահությունը կրկին անգամ ինձ վստահելու համար: Բանկային համակարգն ավանդաբար համարվում է Հայաստանի տնտեսության ամենամրցակցային և ամենակայացած ճյուղերից մեկը, և մենք բոլորս մեր ուժերի ներածի չափով, միշտ պետք է անենք հնարավորինս այն էլ ավելի ամուր և կայուն դարձնելու համար՚, - նշեց Սամվել Ճզմաչյանը:
Նշենք, որ Սամվել Ճզմաչյանը վերջին 25-30 տարիներին բանկային համակարգում գործող բանկային ամենամեծ փորձը ունեցող ղեկավարիից է: Շուրջ 20 տարի Սամվել Ճզմաչյանը ղեկավարում է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն: 1980 թվականից ստանձնել է ԽՍՀՄ Պետբանկի ՀՀ գրասենյակի էլեկտրագործարանային բաժանմունքի կառավարչի պաշտոնը, այնուհետև ղեկավարել է Արտաքին առևտրային բանկի ՀՀ բաժանմունքը (Վնեշտորգբանկ), հետագայում` ՙԱրտտնտբանկը՚, 1990 թվականից ղեկավարել է ՙՎնեշէկոնոմբանկը՚, այնուհետև հիմնադրել և ղեկավարել է ՙՀայներարտբանկը՚, իսկ 1994-1995 թվականներին` Մոսկվայի ՙլոմբանկը՚:
Նշենք նաև, որ Հայաստանի բանկերի միությունը հիմնադրվել է 1995 թվականի հուլիսի 27-ին, բանկերի շահերի պաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում գործող բոլոր 21 կոմերցիոն բանկերը ՀԲՄ անդամ են: