Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 16:45
Հայաստանի դրամական բազան ապրիլին աճել է 5.4%, մինչեւ 679.6 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2013 թվականի ապրիլին աճել է 5.4%, մինչև 679.6 մլրդ.դրամ ($ 1653.6 մլրդ): Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, տարեկան կտրվածքով Հայաստանի դրամական բազան աճել է 15.3%:
Դրամական բազայի կառուցվածքում Կենտրոնական բանկից դուրս կանխիկ միջոցները 2013 թվականի մայիսի 1-ին կազմել են 399.4 մլրդ դրամ (դրամական բազայի 68.8%-ը), ապրիլին աճելով 0.9%, իսկ տարեկան կտրվածքով` 5.4%:
Պարտադիր դրամական պահուստների տեսակարար կշիռն ընդհանուր դրամական բազայի ծավալում կազմել է 28.5% կամ 193.7 մլրդ դրամ, ապրիլին աճելով 19.6%, իսկ տարեկան կտրվածքով` 13.5%: Պարտադիր արտարժութային պահուստները կազմել են ընդհանուր դրամական բազայի 12.2%-ը կամ 83 մլրդ դրամ: Այս ցուցանիշը հաշվետու ամսում կրճատվել է 1.7%, իսկ տարեկան աճը կազմել է ավելի քան 2 անգամ:
Ըստ աղբյուրի, արտաքին պահուստների չափերը (առանց սեփականաշնորհման միջոցների) մայիսի 1-ին կազմել են 379.3 մլրդ դրամ, ապրիլին նվազելով 0.3%, իսկ տարեկան աճը` 5.7%: Ներքին ակտիվներն ապրիլին աճել են 13.4%, մինչեւ 300,3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 30,3%:
Ներքին ակտիվների կառուցվածքում պահանջների կառավարության հանդեպ արձանագրվել են մինուսային 105 մլրդ դրամ մակարդակում, ապրիլին ավելի խորանալով 0,5%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 47.3%: Բանկերի հանդեպ պահանջներն ապրիլի վերջին կազմել են 187.4 մլրդ դրամ, մեկ ամսում աճելով 22.5%, իսկ մեկ տարում` 50,3%: Բանկերի հանդեպ պահանջների ապրիլյան աճը հիմնականում պայմանավորված է եղել ռեպո գործարքների ծավալի 22.6%, մինչեւ 81.6 մլրդ դրամ աճով: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է գրեթե 2 անգամ: (ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 2013 թվականի ապրիլի 30-ին կազմել է 410.98 դրամ/$1):