Երեքշաբթի, 11 Հունիսի 2013 18:55
ՀՀ ԿԲ ինֆլյացիան կանխատեսում է մինչև 8%, իսկ տնտեսական աճի դանդաղումը` 4%
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը, հաշվի առնելով գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաև մայիսյան կարկտահարության հետևանքով գյուղատնտեսությանը պատճառված վնասը, վերանայել է 2013-2014 թվականների ինֆլյացիայի կանխատեսումները, դեպի նվազման, իսկ տնտեսական աճի գծով`դեպի դանդաղման կողմը: Այսպես, 2014 թվականի կեսերին սպասվում է 8% ինֆլյացիա, որից հետո այն կսկսի նահանջել, դեպի նպատակային` 4+/-1.5% սահմանը: ՀՆԱ վրա դա էական ազդեցություն կունենա 2013 թվականի վերջին և 2014 թվականի սկզբին, երբ տնտեսական աճը կգրանցի ամենացածր տեմպերը` 4%-ի սահմաններում: Դա կապված կլինի գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Արթուր Ստեփանյանը:
Նրա խոսքերով, գազի և էլեկտրաէներգիայի սակագների տեսակարար կլշիռը նվազագույն սպառողական զամբյուղում կազմում է 10.5%, ինչն ավտոմատ կերպով խորացնում է ինֆլյացիան: ՙԲարձր ինֆլյացիան ազդում է ինչպես բնակչության կենսամակարդակի, այնպես էլ տնտեսության վրա, դրա համար էլ մեր կառավարությունն արդեն բազմաթիվ անգամ հայտարարել և քննարկումներ է իրականացնում սոցիալական օգնության գծով, կապված նվազագույն աշխատավրձի բարձրացման, բնակչության սոցիալապես անապահով խավերին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև բյուջետային աշխատողների աշխատավարձերը 2014 թվականին բարձրացնելու հետ՚,-հավելել է նա:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայստանի սպառողական շուկայում 2013 թվականի հունվար-մայիս ամիսներին ինֆլյացիան կազմել է 1.8%, տարեկան կտրվածքով` 3.6%: Ծառայությունների սակագները հունվար-մայիսին աճել են 1.8%: Տնտեսական ակտիվությունը Հայաստանում հունվար-մայիսին տարեկան կտրվածքով աճել է 7.4%: 2012 թվականին ՀՆԱ տարեկան աճը կազմել է 7.2%, իսկ ինֆլյացիան կազմել է 3.2%: