Ուրբաթ, 14 Հունիսի 2013 19:47

ՎԶԵԲ-ն Արարատբանկին հաստատող բանկի կարգավիճակ է շնորհել


ԱրմԻնֆո: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Արարատբանկին ակրեդիտիվներ հաստատող բանկի կարգավիճակ է շնորհել: Այդ մասին պայմանագիր է ստորագրվել նախօրեին Արարատբանկի բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում` ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի և ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգի միջև:

ՙԲանկն ընդգրկվել է համաշխարհային հաստատող բանկերի թվում այնպիսի առաջատար ֆինանսական կառույցների հետ համահավասար, ինչպես` Commerz ank Raiffeisen bank, Deutsche Bank, դրանով իսկ ձեռք բերելով միջազգային նշանակություն՚, - նշել է Ա.Օսիպյանը լրագրողների հետ զրույցում: Նա ընդգծել է, որ բանկը միշտ ակտիվություն է դրսևորել միջազգային առևտրային ֆինանսավորման ոլորտում: Որպես թողարկող` Արարատբանկը 2012 թվականին ակրեդիտիվների գծով իրականացրել է 7.8 մլն դոլարի գործարք, ինչպես նաև կնքել է 10 մլն դոլարի կարճաժամկետ վերականգնվող վարկային պայմանագիր:

ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, 2013 թվականի ապրիլի 1-ի տվյալներով, Արարատբանկն առաջատարների տասնյակում է տնտեսության վարկավորման գծով: Մասնավորապես, բանկի կորպորատիվ վարկային պորտֆելը կազմել է 44 մլրդ դրամ (բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 55 տոկոսը)` 32 տոկոս տարեկան աճով: Ճյուղային կտրվածքով բանկի կորպորատիվ վարկային պորտֆելը կենտրոնացել է առևտրի վրա` գրեթե 54 տոկոս, և արդյունաբերության վրա` ավելի քան 10 տոկոս: ՓՄԲ բաժինը բանկի պորտֆելում կազմել է ավելի քան 46 տոկոս կամ շուրջ 27 մլրդ դրամ` 44 տոկոս տարեկան աճով: Բանկի ակտիվները 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 115.5 մլրդ դրամ` 13 տոկոս տարեկան աճով, որոնց կառույցում վարկային ներդրումների տեսակարար կշիռը գերազանցել է 69 տոկոսը: Ստացված շահույթի հաշվին ս.թ. առաջին եռամսյակում կապիտալիզացման շնորհիվ բանկի ընդհանուր կապիտալն ավելացել է 6 տոկոսով` մինչև 17.4 մլրդ դրամ, և այդ ցուցանիշի գծով պահպանվում է դիրքն առաջատար տասնյակում: Ըստ արդյունավետության գործակցի` բանկն առաջատար հնգյակում է. ROA-ն 2013 թ. I եռամսյակում կազմել է 0,62%, իսկ ROE-ն` 4,36%: