Երեքշաբթի, 11 Հունիսի 2013 18:19
Յունիբանկը գործարկեց Salesforce համակարգը. այսուհետ ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը բանկը հաստատում է 1 րոպեում
ԱրմԻնֆո. Յունիբանկը լիարժեք գործարկեց CRM-համակարգերի և ամպային հաշվարկների (Cloud Computing) ոլորտում համաշխարհային առաջատար` ամերիկյան Salesforce.com ընկերության կառավարման համակարգը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, Ժամանակակից համակարգի ներդրումը բանկին հնարավորություն տվեց էապես կրճատել վարկերի հաստատման և ձևակերպման ժամանակը: Այսօր ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը Յունիբանկում հաստատվում է մեկ րոպեում լավագույն պայմաններով. կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` սկսած 20% -ից:
Աղբյուրի համաձայն, վարկը կարելի է ձևակերպել բանկի գործընկեր` խոշոր առևտրային ցանցերում, ինչպիսիք են ՙՎեգա՚, ՙԶիգզագ՚, ՙՄոբայլ Սենթր՚, ՙՕրանժ՚, ՙՎիվաՍելլ՚, ՙԱրայ՚, ՙՏեխնոլայֆ՚, ՙՎեստա՚, ՙՆիքս՚, ՙՍամսունգ՚, ՙRich Computers՚, ՙFine՚, ՙՆոր տուն՚, ՙԻդեալ՚ և ՙԿլայկ՚ ընկերությունները: Ընդհանուր առմամբ սպառողական վարկավորման գծով Յունիբանկը համագործակցում է ավելի քան 320 գործընկերների հետ: Վարկի համար կարելի է դիմել նաև բանկի 44 մասնաճյուղ:
Այսօր Յունիբանկի գործունեության հիմնական ուղղություններից մեկը սպառողական վարկավորումն է: Իսկ դա ենթադրում է հաճախորդամետ մոտեցում և ֆիզիկական անձանց սպասարկման բարձր որակի ապահովում: Այդ իսկ պատճառով Յունիբանկը ներդրել է Salesforce համակարգը, որի հիմքում ընկած է հաճախորդների շահերի գերակայությունը: Բանկի կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ սպառողական վարկավորման ժամանակ հաճախորդները հատկապես կարևորում են վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման արագությունը և ցածր տոկոսադրույքը: Հաշվի առնելով հաճախորդների պահանջները, Յունիբանկն այսօր առաջարկում է շուկայում գործող լավագույն պայմաններից մեկը` սկսած 20% տարեկան տոկոսադրույք և վարկի հաստատում ընդամենը 1 րոպեում:
Նշվում է, որ հաճախորդների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, Յունիբանկը առաջիկայում ևս կշարունակի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը մանրածախ բիզնեսում: Բանկը կտեղադրի 60 նոր վճարային տերմինալներ, որոնց միջոցով կարելի է իրականացնել վարկերի մարումներ, UNISTREAM դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ և այլն: Տերմինալներով վճարման պարզ և հասարակ գործընթացը, դրանց շուրջօրյա աշխատանքը հաճախորդների սպասարկումը դարձնում են էլ ավելի արագ և հարմար:
Նշենք, որ սպառողական վարկավորման պորտֆելի մեծությամբ Յունիբանկը ընդգրկված է հայաստանյան բանկերի առաջատար հնգյակում: 2013թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34.6%-ով և կազմել 39.3 մլրդ դրամ: