Երեքշաբթի, 25 Հունիսի 2013 18:01
ՀՀ ԿԲ հայտարարում է, որ Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությանը ոչինչ չի սպառնում
ԱրմԻնֆո. ՀՀ ԿԲ հայտարարում է, որ Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությանը ոչինչ չի սպառնում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից,
վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի բանկային համակարգին` տեղեկություններ տարածելով, իբրև համակարգում տեղի են ունենում տագնապալի գործընթացներ, և համակարգի կայունությունը վտանգված է:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությունը վտանգված չէ, և որ նմանատիպ լուրերն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը:
Բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը (նորմատիվային կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը) 2013 թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 16.4%, ընդ որում վերջին 5 տարիների ընթացքում բոլոր բանկերն առանձին բավարարել են կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշի նվազագույն պահանջը` 12% (ընդ որում, Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող նվազագույն սահմանաչափը 8% է):
Բանկային համակարգի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում 2013 թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 5.2%, որը, չնայած տարեվերջի համեմատ փոքր-ինչ աճել է, սակայն դեռևս բավական հեռու է ռիսկային համարվելուց (աճը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ հաշվապահական ձևակերպման արդյունքում ստանդարտ դասի վարկեր, որոնք, չնայած մնացել են տնտեսությունում, դուրս են եկել առևտրային բանկերից մեկի հաշվեկշռից և սկսել են հաշվառվել մայր բանկի հաշվեկշռում): Համեմատության համար նշենք, որ Արևելյան Եվրոպայի երկրներում այս ցուցանիշը հասնում է մինչև 20%:
Իրացվելիության մակարդակով բանկային համակարգը առավել քան իրացվելի է. բարձր իրացվելի ակտիվների կշիռը ընդհանուր ակտիվներում և ընթացիկ պարտավորություններում առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել են համապատասխանաբար 26.1% և 136.1% (նվազագույն սահմանաչափերը` համապատասխանաբար 15% և 60%):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական Վարկանիշի, 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ շուկայում կապիտալի միջին համարժեքության մակարդակը կազմել է 23.22%, ընդհանուր իրացվելիությունը` 27.17%, ընթցիկ իրացվելիությունը` 205.95%, համապատասխանաբար, 12%, 15% և 60% պահանջվող նվազագույն նորմատիվների պայմաններում: Հայաստանի բանկերի միագումար ընդհանուր կապիտալն ապրիլի 1-ին կազմել է 417.6 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 9.7% աճ, ընդհանուր ակտիվները կազմել են 2.6 տրլն.դրամ, գրանցելով տարեկան 24.7% աճ, իսկ ցպահանջ պարտավորությունները կազմել են 438.5 մլրդ.դրամ, գրանցելով 23.4% տարեկան աճ: Հայաստանի բանկերի կանխիկ դրամական միջոցներն ապրիլի 1-ին կազմել են 91.6 մլրդ.դրամ, տարեկան աճը` 19.3%, բանկային թղթակցային հաշիվները` 126.8 մլրդ. դրամ, տարեկան աճը` ավելի քան 2 անգամ, բանկային ձուլակտորները և թանկարժեք մետաղներից հոբելյանական մետաղադրամները կազմել են 2.4 մլրդ.դրամ, տարեկան աճը`56%, ներդրումները պետպարտատոմսերում` 159.7 մլրդ.դրամ, տարեկան աճը` 11%:Հայաստանի բանկերի միագումար վարկային ներդրումներն ապրիլի 1-ին կազմել են 1.7 տրլն.դրամ, տարեկան աճը` 21.4%, որոնց կառուցվածքում տնտեսության վարկավորման բաժինը կազմել է 63% կամ 1.1 տրլն.դրամ, տարեկան կտրվածքով գրանցելով 18.8% աճ: 2013 թվականի առաջին եռամսյակը Հայաստանի բանկերը եզրափակել են միագումար 8.5 մլրդ.դրամ զուտ շահույթով, տարեկան կտրվածքով գրանցելով աննշան աճ: