Ուրբաթ, 28 Հունիսի 2013 16:12
NASDAQ OMX Armenia-ի ղեկավար. Մենք ակնկալում ենք կապիտալի շուկայի զգալի աշխուժացում` կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման առնչությամբ
ԱրմԻնֆո. Հայաստանի կապիտալի շուկան զգալի աշխուժացում կցուցադրի 2014 թվականի հունվարի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման առնչությամբ: Հունիսի 28-ին այդպիսի կարծիք է հայտնել NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: Նա ավելացրել է, որ երկրի ֆոնդային շուկայի զարգացմանը նպաստում է արտարժութային պարտատոմսերի հարթակների ստեղծումը, ինչպես նաև նոր առևտրային համակարգերի ձևավորումը:
ՙԿապիտալի շուկայի զարգացման համատեքստում 2013 թվականը, անկասկած, ակտիվ է: Բանկերին զուգընթաց կորպորատիվ փոխառությունների շուկայում սկսել է ակտիվություն դրսևորել նաև մասնավոր հատվածը, ինչի առնչությամբ մենք ակնկալում ենք գործարքների թվի և նոր թողարկումների հետագա աճ՚, - նշել է Կ.Սարոյանը: Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կատարվել է 1 մլրդ դրամի գործարք, ինչը երկու անգամ գերազանցում է 2012 թվականի տարեկան ցուցանիշը:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ NASDAQ OMX Armenia բորսայում շրջանառվում են Արցախ ՀԷԿ (1-ին թողարկման, դրամային), SAS Group առևտրային ցանցի (1-ին թողարկման արտարժութային), Արարատբանկի (4, 5 և 6-րդ թողարկումների դրամային և արտարժութային) պարտատոմսերը: Բոլոր նշված կորպորատիվ պարտատոմսերը արժենշվում են Bbond հարթակում: