Երեքշաբթի, 9 Հուլիսի 2013 15:55
Հայաստանի վարկային ընկերությունների միագումար վարկային պորտֆելը մայիսին 1,7 տոկոսով ավելացել է 
ԱրմԻնֆո: Հայաստանի վարկային ընկերությունների միագումար վարկային պորտֆելը 2013 թ. հունիսի 1-ի դրությամբ կազմել է 173 մլրդ դրամ, մայիսին ավելանալով 1,7%-ով, տարեկան կտրվածքով (2012թ. մայիսի համեմատ)  29,6%-ով: Վարկային ընկերությունների վարկային պորտֆելի առյուծի բաժինը կազմել են դրամային վարկերը` 69%:
ՀՀ ԿԲ տվյալներով, վարկային ընկերությունների վարկային պորտֆելի աճն ապահովվել է, հիմնականում, տնտեսությունում տրամադրված վարկերի հաշվին, որոնք կազմել են 139 մլրդ դրամ կամ 80%, մեկ ամսում աճելով 1,8%-ով, տարեկան կտրվածքով` 28,9%-ով: Վարկային ընկերությունների կողմից տնտեսությունում տրամադրված վարկերի կառույցում առաջատար  են երեք ոլորտներ. ֆինանսական հատվածը` 27%, ագրարայինը` 20,9% և առևտրինը` 12%:
Առավելագույն ծավալը բաժին է ընկել ֆինանսական հատվածին` 46 մլրդ դրամ, որի 91%-ը բանկերին տրամադրված վարկեր են: Վարկային ընկերությունների ֆինանսական հատվածում ներդրումների ծավալը փոփոխության չի ենթարկվել, տարեկան կտրվածքով ավելանալով 21,2%-ով: Երկրորդ տեղում գյուղատնտեսության վարկավորումն է` 26.2 մլրդ դրամ, որը մայիսին ավելացել է 1%-ով` տարեկան 30%  աճի դեպքում: յուղատնտեսական վարկերի կառույցում 51% ուղղորդվել է անասնապահությանը, իսկ 47%` բուսաբուծությանը:
Երրորդ տեղում է առևտրի հատվածի վարկավորումը` 21 մլրդ դրամ, մայիսին 2%, տարեկան կտրվածքով 20,5% աճի պայմաններում: Առևտրի հատվածի վարկերի կառույցում վարկային ընկերությունները մանրածախ առևտրում տեղաբաշխել են 84%, իսկ ªմեծածախ առևտրում` 14%:
Աղբյուրի համաձայն, մինչև մայիսի վերջը վարկային ընկերությունները տրամադրել են 
17.8 մլրդ դրամի հիփոթեքային վարկեր, ինչը կազմում է այդ կազմակերպությունների վարկային պորտֆելի ընդամենը 10,3%-ը: Վարկային ընկերությունների հիփոթեքային վարկերի ծավալը մայիսին ավելացել է 1,1%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 22,4%-ով: Սպառողական վարկերը կազմել են վարկային ընկերությունների ընդհանուր վարկային պորտֆելի 9,3%-ը կամ 16.1 մլրդ դրամ, մեկ ամսում ավելանալով 1%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 46,2%-ով: Սպառողական վարկերի կառույցում 19,4% բաժին է ընկնում ոսկու գրավադրմամբ վարկերին, 10%` կենցաղային տեխնիկայի և էլեկտրատեխնիկային ապառիկ գնման վարկերին, և 2%-ը` ավտովարկերին: