Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 20:56
Ընտրության սահմանափակումը և նոր արբիտրների ընգրկման ճկուն մեխանիզմների բացակայությունը չի նպաստում Հայաստանում Ֆինանսական արբիտրաժի ինստիտուտի կայացմանը
ԱրմԻնֆո. ՙԱյսօր մեր քաղաքացիները բանկերից վարկեր ստանալիս կամ բանկերի հետ այլ գործարքներ կնքելիս ստորագրում են պայմանագրեր, որոնցով վեճերը լուծվում են Ֆինանսական արբիտրաժի միջոցով: Ֆինանսական արբիտրաժը հիմնվել է ՀՀ բանկերի միության կողմից, որն էլ ստեղծված է պաշտպանելու և ներկայացնելու բանկերի շահերը: Հետևաբար, երբ մարդիկ բանկերի հետ խնդիր ունենալիս իրենց վեճերը ստիպված են լուծել հիմնականում այդ ֆինանսական արբիտրաժի միջոցով, առավել քան կարևոր է դրա անաչառ և անկողմնակալ աշխատանքը, իսկ դա էլ իր հերթին հնարավոր է միայն, երբ արբիտրների ցանկը և ընտրության կարգը վստահություն ներշնչեն հանրությանը՚:
Այս մասին նշել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գրասենյակում հրավիրված կլոր սեղանին, որին մասնակցում էին ՀՀ բանկերի միության նախագահը, հայաստանյան խոշոր բանկերի կառավարիչներ, Ֆինանսական արբիտրաժի նախագահը, Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, փաստաբաններ, ինչպես նաև ոլորտի այլ մասնագետներ:
Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը ողջունել է Պաշտպանի նախաձեռնությունը նման քննարկում կազմակերպելու հարցում և նշել, որ Ֆինանսական արբիտրաժը հանդիսանում է ամենաարդյունավետ միջոցը բանկի և հաճախորդի միջև հնարավոր վեճերի լուծման համար և ընդունեց, որ այն ունի իր գործունեութունը կատարելագործելու կարիք: Այդ նպատակով նա հայտնել է իրենց միության պատրաստակամությունը քննարկել հարցի լուծմանն ուղղված առաջարկությունները:
Հանդիպմանը ներկա Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր խոսքում հատկապես կարևորել է Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունըª հաշվի առնելով դատական համակարգում առկա ներկայիս թերությունները:
Ի վերջո, քննարկման արդյունքում պարզվել է, որ Ֆինանսական արբիտրաժի կանոնադրությունում հստակ նշված է, որ միայն ՀԲՄ խորհուրդն է հաստատում արբիտրների անվանացուցակը: Ներկայումս այդ ցուցակում ներառված են 8 արբիտրներ և վիճող կողմերը միայն այդ ցուցակից կարող են ընտրություն կատարել, մինչդեռ ՙԱռևտրյաին արբիտրաժի մասին՚ օրենքը, ինչպես նաև Նյու Յորքի կոնվենցիան և միջազգային այլ փաստաթղթեր ամրագրել են արբիտրաժային վեճի արբիտր ընտրելու կողմերի ազատության իրավունքը: Նման սահմանափակումը և նոր արբիտրների ընգրկման ճկուն մեխանիզմների բացակայությունը չի նպաստում այդ ինստիտուտի կայացմանը:
Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները համաձայնվել են, որ նպատակահարմար է ընդլայնել արբիտրների անվանացուցակը, առաջիկայում մշակել ֆինանսական արբիտրաժի գործունեությունը կարգավորող իրավական ակտերում կոնկրետ փոփոխությունների առաջարկություններ և, ՀՀ բանկերի միության հետ գործակցելով, վերանայել եղած կարգավորումները: