Շաբաթ, 13 Հուլիսի 2013 17:47
ՙԲոնուս–մալուս՚ համակարգի ներդրումը Հայաստանում 6-10 տոկոսով կնվազեցնի անկարգապահ վարորդների թիվը
ԱրմԻնֆո. Առաջիկա մի քանի տարիներին ՙԲոնուս–մալուս՚ համակարգի (BMS) լիովին ներդրումը Հայաստանում կհանգեցնի անկարգապահ վարորդների թվի 6-10 տոկոսով կրճատման: Հուլիսի 13-ին անցկացված սեմինարում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանը, հավելելով, որ այդ կանխատեսումը հետագայում կարող է վերանայվել:
Նա նշել է, որ BMS-ն անուղղակիորեն կազդի վարորդների վարքագծի վրա, որոնք պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, նրանց ստիպելով լինել ավելի կարգապահ: Համակարգը նաև կկանխի ԱՊՊԱ ոլորտում խարդախության դեպքերը. ՙբոնուս–մալուսը՚ վարորդի ռիսկի գնահատման յուրօրինակ գործիք է, որը թույլ է տալիս փոխել ԱՊՊԱ ապահովագրական մուծման չափը` դրանով իսկ զեղչեր տրամադրելով բարեխիղճ վարորդներին` իրենց ՙռիսկային՚ գործընկերների հաշվին: Այդպիսով, ինչպես նշել է Վարդիկյանը, լուծվում է ապահովագրական շուկայի արդարության խնդիրը:
Բյուրոյի ղեկավարը հիշեցրել է, որ ՙմալուս՚ բաղադրիչը Հայաստանում կկիրառվի 2014 թվականի հունվարի 1-ից: ՙԲոնուս՚ բաղադրիչը երկրում գործում է 2013 թվականի հունվարի 1-ից:
ՙԲոնուս-մալուս՚ համակարգի ներդրմամբ ապահովագրական ընկերությունները ակնկալում են ՙփրկել՚ ԱՊՊԱ վնասաբեր հատվածը, ինչն անկախ ապահովագրական փորձագեներին թվում է քիչ հավանական, հաշվի առնելով մի շարք չլուծված հարցերի առկայությունը, որոնք առնչվում են փոխադրամիջոցների տեխզննման համակարգին, որը Հայաստանում համարում են բյուրոկրատական ձևականություն:
Նշենք, որ ԱՊՊԱ-ն Հայաստանում ներդրվել է 2011 թվականի հունվարի 1-ից, սակայն այդ կարգի գանձումներն սկսվել են 2010 թվականի հոկտեմբերի կեսից:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած ՙՀայաստանի ապահովագրական ընկերությունների ռենքինգի՚ տվյալներով, Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է 6 ընկերություն, որոնք ապահովագրության գոյություն ունեցող 18 կարգերից այսօր գործարկել են 16-ը: 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ շուկայի ապահովագների ընդհանուր ծավալը կազմել է 11.4 մլրդ դրամ, որի 65 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՊԱ-ին: Աապահովագրական փոխհատուցումների ընդհանորւ ծավալը նույն ժամկետում կազմել է 4,9 մլրդ դրամ, որի 58 տոկոսը վճարվել է ԱՊՊԱ-ի գծով: Տարեկան դինամիկայում ապահովագները գրեթե չեն փոխվել, մինչդեռ փոխհատուցումների ընդհանուր ծավալն ավելացել է 83 տոկոսով, ընդ որում 31 տոկոս աճ` միայն ԱՊՊԱ գծով: