Երեքշաբթի, 16 Հուլիսի 2013 16:22
ՀՀ ԿԲ արձագանքը ՙՀայ ծրագրավորողների՚ նամակին. Paypal համակարգի հետ բանակցություններ են վարվում Հայաստանի համար սահմանափակումները վերացնելու հարցի շուրջ
ԱրմԻնֆո. Օրերս զանգվածային լրատվամիջոցներում տարածվել էր ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղղված ՙՀայ ծրագրավորողներ՚ ստորագրությամբ նամակ, որում շարադրված էր խնդրանք` պարզաբանել, թե ինչու Google AdSense և Paypal համակարգերը Հայաստանի հետ չեն աշխատում: ԱրմԻնֆո գործակալությունը դիմել է ՀՀ ԿԲ` այդ առնչությամբ մեկնաբանություն տրամադրելու խնդրանքով:
ՀՀ ԿԲ հաղորդագրությունում ասվում է. ՀՀ Կենտրոնական բանկն, իր քաղաքականության համաձայն, չի արձագանքում անանուն նամակներին, սակայն կարևորելով հասարակության հետ թափանցիկ շփումը, նպատակահարմար է գտնում պարզաբանումներ տալ այս հարցի վերաբերյալ:
Google AdSense համակարգը ստեղծված է վեբկայքեր հրապարակողներին իրենց  կայքերում գովազդ տեղադրելու և այդ գովազդի հղումներով անցնելու համար գումարներ վճարելու նպատակով: Google AdSense համակարգի միջոցով վաստակած գումարները կարող են փոխանցվել կայքը հրապարակող կազմակերպության բանկային հաշվին EFT – Electronic Fund Transfer համակարգի օգնությամբ: Ցավոք, այդ համակարգն այս պահին 257 երկրներից սպասարկվում է միայն 29-ում: Դրանց թվում են Եվրոմիության 28-երկրներից 18-ը, Ավստրալիան, Կանադան, Հոնկոնգը,  Իսրայելը, Ճապոնիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ-ն: Աստիճանաբար այդ ցանկում ներառվում են նաև այլ երկրներ, այդ թվումª նաև արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրները: 
Ինչ վերաբերում է Paypal համակարգից օգտվելուն, ապա ՀՀ տարածքից գրանցված օգտագործողները կարող են այդ համակարգի միջոցով կատարել փոխանցումներ, սակայն չեն կարող միջոցներ հաշվեգրել իրենց Paypal հաշիվներին և ՀՀ տարածքում գտնվող բանկային հաշիվներին: ՀՀ Կենտրոնական բանկը բանակցում է և շարունակելու է ուղիներ փնտրել Paypal համակարգի ծառայությունների սահմանափակումները ՀՀ համար հանելու ուղղությամբ:
Ի լրումն, ԿԲ հարկ է համարել նշել, որ վերոհիշյալ ընկերություններն առևտրային կազմակերպություններ են և իրենց բիզնես-քաղաքականությունն իրականացնում են սեփական ռազմավարությունից և տնտեսական հաշվարկներից ելնելով: Մինչդեռ այդ քաղաքականության վրա կարող են ներազդել նաև պրոֆեսիոնալ համայնքները և խմբերըª սեփական բիզնես-պահանջարկն այդ կազմակերպություններին բացահայտ ձևով ցուցադրելով: ՙՄեր շփումները Paypal ընկերության հետ ցույց են տվել, որ ՀՀ մասնավոր հատվածից այդ ընկերությունը դեռևս բավարար ազդակներ չի ստացել՚, - իր հաղորդագրությունն ամփոփում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: