Հինգշաբթի, 4 Հուլիսի 2013 21:50
Համահայկական բանկը և Ամերիաբանկը կնքեցին համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
ԱրմԻնֆո. ՙՀամահայկական բանկ՚ ԲԲԸ-ն և ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն կնքեցին համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրեցին Համահայկական բանկի լխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը և Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-լխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, համագործակցության շրջանակներում կողմերը հանդես կգան համատեղ ֆինանսավորման ծրագրերով: Հուշագրի ստորագրումը նպատակ ունի համագործակցության արդյունքում ընդարձակել ֆինանսավորման հնարավորությունները ներդրումային ծրագրեր իրականացնող ձեռնարկությունների համար, որոնց գործունեությունը հիմնականում միտված է արտահանմանը:
Աղբյուրի համաձայն, բանկերի ղեկավարները նշեցին, որ այս համագործակցությունը, ստեղծելով նոր հնարավորություններ երկարաժամկետ ֆինանսավորման համար, կխթանի հայրենական տնտեսության զարգացումը, տեղական ընկերությունների մրցունակության բարձրացումը արտաքին շուկաներում, ինչպես նաև կնպաստի Հայաստանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը:
Կողմերը հանդես կգան նաև համատեղ ֆինանսավորման հեռանկարների ուսումնասիրությամբ:
Նշենք, որ Համահայկական բանկը Հայաստանում գործող նոր տեսակի ֆինանսական կառույց է: Բանկի նպատակն է ֆինանսավորել արտահանմանը միտված Հայաստանի միջին չափի մասնավոր ձեռնարկությունների երկարաժամկետ ներդրումները: Ֆինանսավորման գործընթացն իրականացվում է զուտ շուկայական կանոններով: Բանկը չի ընդունում պետական պատվերներ: Բանկի գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից: Համահայկական բանկն իր ուղղակի վարկային գործունեությունից բացիª համագործակցում և առաջարկում է ձեռնարկություններին համատեղ ֆինանսավորման փաթեթներ, որտեղ համեմատաբար կարճաժամկետ և շրջանառու կապիտալի պահանջները բավարարվում են առևտրային բանկերի միջոցներով, իսկ համեմատաբար երկարաժամկետ կապիտալ ներդրումներըª Համահայկական բանկի միջոցներով: Համահայկական բանկը նախատեսում է նաև ձեռնարկություններին ֆինանսավորել անուղղակիորենª ընտրելի առևտրային բանկերին վարկեր տրամադրելու միջոցով:
Ամերիաբանկը հանդիսանում է մասնագիտացված խորհրդատվական և ֆինանսական ծառայություններ մատուցող «Ամերիաե ընկերությունների խմբի անդամ: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: