Հինգշաբթի, 11 Հուլիսի 2013 12:53
ՎՏԲ-Հայաստան բանկի դիմումի հիման վրա ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը ճանաչվել է սնանկ
ԱրմԻնֆո: ՀՀ Վճռաբեկ դատարանի` 29.05.2013թ. որոշմամբ Ազգային Ժողովի ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2010 թվականի նոյեմբեր ամսից ՎՏԲ-Հայաստան Բանկը բանակցություններ էր տանում պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամ, Բանկի վարկառու Տիգրան Ստեփանյանի հետ` կապված վերջինիս կողմից Բանկի առջև ունեցած պարտավորությունները չկատարելու հետ: Սկսած 2011 թվականի նոյեմբերից` ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին Բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին: Տիգրան Ստեփանյանի կողմից Բանկի առջև ունեցած պարտավորությունների չկատարման կապակցությամբ 10.09.2012թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայց էր ներկայացրել դատարան ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով: Տվյալ պահին վարույթը գտնվում է գույքագրման փուլում:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-67 մասնաճյուղ: