Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2013 17:23
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի յոթերորդ թողարկման արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
ԱրմԻնֆո. 2013 թվականի օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակումն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից,
թողարկված պարտատոմսերն ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 40,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի բորսայական հապավումն էª ARBKB7:
Ըստ վերջին տվյալների, Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվում են ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿ-ի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK), ինչպես նաև ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկու թողարկումները (ARBKB5, ARBKB6): Ընկերության պարտատոմսերի ևս 3 թողարկումներ ցուցակվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2007, 2008 և 2009 թվականներին, որոնք հետագայում բարեհաջող մարվել են:
Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առավել ակտիվ թողարկողներից մեկն է: Առաջին անգամ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կորպորատիվ պարտատոմսերի շուկա դուրս եկավ 2007 թվականին, 250 մլն.դրամ ծավալով, որի տարեկան եկամտաբերությունը կազմեց 8%, իսկ շրջանառության ժամկետը` 1 տարի: Երկրորդ թողարկման շրջանակներում ծավալը կազմեց 400 մլն.դրամ, տարեկան եկամտաբերությունը` 9%, իսկ շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Երրորդ թողարկման ծավալը կազմեց 250 մլն.դրամ, տարեկան եկամտաբերությունը` 10%, իսկ շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Չորրորդ անգամ բանկը թողարկում կատարեց 2011 թվականին, որի ծավալը կազմեց 250 մլն.դրամ, տարեկան եկամտաբերությունը` 12%: Իսկ հինգերորդ անգամ բանկը, առաջինը Հայաստանի կապիտալի շուկայում, շուկա դուրս եկավ արտարժույթային էմիսիայով, որի ծավալը կազմեց 1 մլն.դոլար, եկամտաբերությունը` 9%: Բանկի վեցերորդ թողարկման ծավալը կազմեց 1 մլն.դոլար, իսկ եկամտաբերությունը` 8.5%:
2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մաժորիտար բաժնետերն է ՙՖլեշ՚ ընկերությունը` 69.24%, ինչպես նաև EBRD-ն` 25%+1 բաժնետոմս և Rural Impulse Fund II ընկերությունը` 5%, որը մտնում է բելգիական Incofin Investment Management - Incofin IM կազմի մեջ: