Ուրբաթ, 9 Օգոստոսի 2013 16:23
Հայաստանի բանկային համակարգում 2013 թ. I կիսամյակում զուտ շահույթի ամենամեծ մակարդակ շարունակում են ապահովել HSBC Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը և ACBA-Credit Agricole Bank-ը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգում զուտ շահույթի ամենամեծ մակարդակ շարունակում են ապահովել HSBC Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը և ACBA-Credit Agricole Bank-ը, որոնց ցուցանիշները 2013 թ. I կիսամյակի արդյունքներով կազմել են համապատասխանաբար 4.1 մլրդ դրամ ($9.9 մլն), 2.8 մլրդ դրամ ($6.8մլն) և 2.393 մլրդ դրամ ($5.8 մլն): Զուտ շահույթի մակարդակով չորրորդ տեղում է ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը` 2.353 մլևդ դրամ և հինգերորդ տեղում`Արդշինինվեստբանկը` 2.1 մլրդ դրամ:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ակտիվների շահութաբերության մակարդակով (մաքուր շահույթի բաժինը ակտիվներում` ROA) առաջատար հնգյակում առաջին չորս տեղերն զբաղեցնում են ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը` 2,08%, HSBC Բանկ Հայաստանը`1,82%, Արմսվիսբանկը`
1,80% և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը` 1,34%, որոնց մոտեցել է Պրոմեթեյ Բանկը` 1,22%`վեցերորդ տեղը մղելով Ամերիաբանկին`1,02%: Կապիտալի եկամտաբերության մակարդակով (ROE )
առաջին երեք տեղերը TOP-5-ում շարունակում են պահպանել ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը`13%, HSBC Բանկ Հայաստանը` 10,64% և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը`9,38%, չորրորդ տեղն զբաղեցրել է Ամերիաբանկը` 7,36%, իսկ հինգերորդ տեղում հայտնվել է Արմսվիսբանկը`5,94%.:
Հայաստանի բանկային համակարգի միագումար չբաշխված շահույթը 2013 թ. I-ին կիսամյակի արդյունքներով կազմել է 20.6 մլրդ դրամ ($50.3 մլն)`տարեկան կտրվածքով ավելանալով 15,7%-ով` II եռամսյակում 48,8% աճի պայմաններում: Ըստ 21 գործող բանկերի հաշվետվությունների (հաշվի առնելով Ամերիաբանկի հետ Կասկադ Բանկի միաձուլումը), 2013 թ. I կիսամյակը 22.2 մլրդ դրամ միագումար շահույթով եզրափակել են 18 բանկ, իսկ 1.6 մլրդ դրամ վնասով` 3 բանկ: Չբաշխված շահույթի տարեկան անկում է արձանագրել 13 բանկ, ըստ որում` ամենամեծ անկում արձանագրել է Byblos Bank Armenia`գրեթե 4 անգամ: Չբաշխված շահույթի ամենամեծ տարեկան աճ ապահովել է Հայէկոնոմբանկը`ավելի քան 9 անգամ`կապված վարկային պորտֆելի 13,3% ավելացման հետ:
Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2013 թ. I կիսամյակում աճել է 5,8%-ով, իսկ տարեկան կտրվածքով 10,3%-ով, միայն II եռամսյակում` 2,3%-ով`հուլիսի 1-ի դրությամբ հասնելով 427.2 մլրդ դրամի ($1 մլրդ): Ըստ որում, հիշյալ ցուցանիշի տարեկան աճն ապահովվել է կանոնադրական ֆոնդի 4,4% (երեք բանկերի կապիտալացման հետևանքով) և վերագնահատման պահուստի (11,1%) ավելացման հաշվին: Մասնավորապես` կանոնադրական կապիտալը տարեկան կտրվածքով համալրել են HSBC Բանկ Հայասանը (III եռամսյակում 76,6%-ով. կապիտալացում կուտակված շահույթի և ստացված եռամսյակային շահույթի հաշվին), Արարատբանկը (IV եռամսյակում 16,6% -ով. կապիտալացում բելգիական Incofin Investment Management կառավարիչ ֆոնդի`կապիտալ մուտք գործելու հաշվին) և ProCredit Bank-ը (III եռամսյակում 15,4% -ով. կապիտալացում բաժնետոմսերի թողարկման հաշվին):
Ընդհանուր կապիտալի չափով 2013 թ. հուլիսի 1-ի դրությամբ առաջատարների հնգյակի մեջ են մտնում ACBA-Credit Agricole Bank –ը` 51.4 մլրդ դրամ (տարեկան աճը 8,6%), HSBC Բանկ Հայաստանը` 39.8 մլրդ դրամ (տարեկան աճը 19,3%), Ամերիաբանկը 39.2 մլրդ դրամ (տարեկան աճը 6,8%), Արդշինինվեստբանկը` 38.6 մլրդ դրամ (տարեկան աճը 17,1%) և ՎՏԲ Հայաստան Բանկը`33.4 (տարեկան աճը 12,4%):
Բանկային համակարգի ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 19,6%-ով, իսկ 2013 թ, II եռամսյակում դանդաղել են 6,4%-ից մինչև 3,1%`հուլիսի 1-ի դրությամբ կազմելով
2.6 տրլն դրամ ($6.4 մլրդ): Ակտիվների չափով առաջատարների հնգյակի մեջ են մտնում Ամերիաբանկը`366.4 մլրդ դրամ (տարեկան աճ 65,1%), ACBA-Credit Agricole Bank` 260.9 մլրդ դրամ (աճը 8,8%), ՎՏԲ Հայաստան Բանկը` 259.9 մլրդ դրամ (աճը 43,2%), Արդշինինվեստբանկը` 233.5 մլրդ դրամ (աճը 32,1%) և HSBC Բանկ Հայաստանը` 222 մլրդ դրամ (աճը 12,3%):