Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2013 17:05
Ամերիաբանկն ամրապնդում է առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը շարունակում է ՀՀ բանկային համակարգում ամրապնդել իր դիրքերը առաջատարների շարքում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, բանկի զուտ շահույթը կիսամյակային արդյունքներով կազմել է 2,8 մլրդ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 12%-ով, ընդ որում Բանկի գործառնական զուտ եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 7,8 մլրդ ՀՀ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 20 %-ով, այդ թվում կոմիսիոն և այլ վճարների տեսքով ստացված զուտ եկամուտների աճը կազմել է 33 %:
Աղբյուրի համաձայն, բանկի ակտիվները 2013թ. առաջին կիսամյակում աճել են շուրջ 50%-ով և կազմել 366,4 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորություններն աճել են 57%-ով` կազմելով ավելի քան 327 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, ակտիվների աճը մեկ տարվա կտրվածքով կազմել է 65%, իսկ պարտավորությունների աճը` շուրջ 77%: Ամերիաբանկն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ակտիվների և պարտավորությունների մեծությամբ զբաղեցնում է բացարձակ առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում:
Բանկի վարկային պորտֆելը 2013թ.առաջին կիսամյակում աճել է շուրջ 11 %-ով և կազմել ավելի քան 156 մլրդ դրամ, ընդ որում պորտֆելի աճի 80%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին: Իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերն աճել են ավելի քան 18%-ով և կազմել 25 մլրդ ՀՀ դրամ: Հատուկ ՓՄՁ-ների համար մշակված ՙՊարզ և արագ՚ վարկավորման փաթեթի նկատմամբ ձեռնարկատերերի կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրության շնորհիվ արշավի ժամկետը երկարաձգվել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը:
Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել են շուրջ 20 %-ով և կազմել ավելի քան 56 մլրդ ՀՀ դրամ: 2013թ. մայիսի 1-ից Ամերիաբանկի կողմից ներկայացրած ՙԱմերիա ավանդ՚ նոր առաջարկը, որ առաջին անգամ հայաստանյան բանկային համակարգում հնարավորություն ընձեռեց հրաժարվել ավանդական մեթոդներից և կառուցել ավանդը ավանդատուի համար նախընտրելի պայմաններով, մեծ հետաքրքրություն առաջացրեց ավանդատուների շրջանում` նպաստելով Ամերիաբանկի` ֆիզիկական անձանց ավանդների զգալի աճին:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: