Երեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2013 20:12
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ` 8.5%
ԱրմԻնֆո. 2013 թ. սեպտեմբերի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխª 8.5%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի սեպտեմբերի 24-ի նիստում:
Աղբյուրի համաձայն, 2013 թ. օգոստոսին արձանագրվել է 0.3% գնաճª նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4% գնանկման դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը սեպտեմբերի վերջին կազմել է 9.3%: Խորհուրդը համակարծիք է, որ մոտակա ամիսներին գնաճը նվազելու էª մոտենալով գնաճի կանխատեսվող հետագծին:
Հաշվի առնելով արտաքին ու ներքին միջավայրից գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության թուլացումը, Խորհուրդը գտնում է, որ առկա դրամավարկային պայմանների պահպանումը թույլ կտա հավասարակշռել գնաճային միջավայրի ընդլայնման և տնտեսական ակտիվության նվազման ռիսկերը: նաճի աստիճանական նվազման և ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման դեպքում Խորհուրդը համապատասխանորեն կարձագանքիª թուլացնելով դրամավարկային պայմանները:
ԿԲ Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: Այս պարագայում, կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատեց, որ ներքին տնտեսության զարգացումները բնութագրվել են ներքին պահանջարկի թուլացմամբª պայմանավորված մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ և մասնավոր ներդրումների ծավալների կրճատմամբ: Ի լրումն դրան, իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպողական ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա:
Խորհուրդը համակարծիք է, որ կարճաժամկետ հատվածում գնաճը աստիճանաբար նվազելով կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հոկտեմբերի 4-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%-ից մինչև 8% նվազեցրել էր 2011-ի հոկտեմբերին, այդ մակարդակի վրա պահպանելով մինչև 2013 թվականի օգոստոսի 13-ը, երբ այն կրկին բարձրացվեց մինչև 8.5%: Մեգառեգուլյատորի օգոստոսյան որոշումը թելադրված էր ձևավորվող ինֆլյացիոն սպասումները զսպելու և էներգակիրների թանկացման երկրորդային ազդեցությունը մեղմելու նկատառումներով: ՀՀ ԿԲ Խորհուրդը 2013 թվականի օգոստոսի 13-ին վերանայեց նաև ներգրավված ավանդների տոկոսադրույքները, բարձրացնելով դրանք 6.5%-ից մինչև 7%, միաժամանակ պահպանելով լոմբարդային ՌԵՊՈ տոկոսադրույքը 10% մակարդակում: