Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2013 14:38
ԿԲ վնասները կրճատելու նպատակով Հայաստանի կառավարությունը պետական մուրհակ թողարկելու մասին որոշում է ընդունել
ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունն իր այսօր կայացած նիստում Կենտրոնական բանկի վնասները կրճատելու նպատակով որոշել է ՀՀ ԿԲ-ին տրամադրել 98.2 մլրդ.դրամ գումարի պետական սովորական անտոկոս մուրհակ: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նրա խոսքերով, մուրհակը տրամադրվում է ԿԲ կուտակված վնասը կրճատելու նպատակով, որը գոյացել է 2012 թվականի գործունեության արդյունքում: Ընդ որում, ԿԲ վնասների չափը 20.6 մլրդ.դրամով գերազանցել է նրա պահուստները:-կ-
Նշենք, որ ավելի վաղ, այդ նույն նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը ԿԲ համար 2010 թվականի օգոստոսին թողարկեց 55.6 մլրդ.դրամի, իսկ 2011 թվականի օգոստոսին` 77.5 մլրդ դրամի պետական մուրհակ: Կուտակված վնասի խորացման հետևանքով 2012 թվականին 17%, մինչև 144,4 մլրդ դրամ ($ 357.8 մլն) ՀՀ ԿԲ սեփական կապիտալը կրճատվեց, դրական 298,4 մլն դրամից մինչև բացասական` 20.6 մլրդ դրամ ($51 մլն): Առաջին կիսամյակում ԿԲ կուտակված վնասը նվազեց 10%, որից հետո, երրորդ եռամսյակից, նկատվեց վնասի խորացում` երրորդ եռամսյակում` 3.6%, իսկ IV եռամսյակում` 25.5%: Հիշեցնենք, որ կառավարության մուրհակի շնորհիվ ՀՀ ԿԲ սեփական կապիտալը 2012 թվականի սկզբին բացասական մակարդակից դուրս եկավ դրական մակարդակ, պահպանելով դրական ցուցանիշը մինչև հոկտեմբերի 1-ը: (ՀՀ ԿԲ փոխարժեքը սեպտեմբերի 26-ին կազմել է 405,86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց):