Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2013 19:29
Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների դրամային և արտարժութային բաղադրիչները մեկ տարում արձանագրել են համարժեք` 25 տոկոսանոց աճ
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2013 թվականի սեպտեմբերի 1-ին կազմել է 1,402 տրլն. դրամ, տարեկան կտրվածքով աճելով 25%, իսկ օգոստոսին գրանցվել է 0.1 % անկում:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, բանկային ավանդների տարեկան աճը պայմանավորված է եղել դրամային և արտարժութային ավանդների համարժեք աճով (25%), որոնք սեպտեմբերի 1-ին համապատասխանաբար կազմել են 406.2 մլրդ դրամ և 995,7 մլրդ դրամ: Այս ցուցանիշների փոխհարաբերությունը կազմել է 29% և 71%, ինչպես և մեկ տարի առաջ: Միևնույն ժամանակ, օգոստոսին դրամով ավանդները բանկերում աճել են 1,3 %-ով, իսկ արտարժույթով ավանդները նվազել 0.6 %:
Ըստ աղբյուրի, ավանդների ընդհանուր կառուցվածքում ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների մասնաբաժինը կազմել է 25 % կամ 347,8 մլրդ դրամ: Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 36%, օգոստոսին նվազելով 5.5%: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների մասնաբաժինը կազմել է 75% կամ 1,054 տրլն.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 22%, իսկ միայն օգոստոսին` 2 %:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 30% կամ 317,8 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները` 70% կամ 736,3 մլրդ դրամ: Ցպահանջ ավանդները մեկ տարում աճել են 15%, իսկ միայն օգոստոսին` 5.6%: Ժամկետային ավանդների տարեկան աճը կազմել է 25%, իսկ ամսվա աճը` 0.3%: ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 30/08/13 դրությամբ կազմել է 406,24 դրամ/$1):