Երեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2013 14:33
Անելիք Բանկը ՙԻմ ֆինանսները՚ միջոցառումների ծրագրի շրջանակում իր հաճախորդներին կմատուցի մի շարք անակնկալներ
ԱրմԻնֆո. Սույն թվականի հոկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Կենտրոնական Բանկի և ՀԲՄ կողմից կազմակերպված ՙԻմ ֆինանսները՚ ծրագրի շրջանակում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, որոնց իր ակտիվ մասնակցությունը կունենա նաև ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն իր մի շարք բանկային պրոդուկտներով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից: 
Աղբյուրի համաձայն, ՙԻմ ֆինանսները՚ ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-ից-31-ը հաճախորդները կարող են իրենց գումարները ներդնել  Բանկի ՙՎստահելի՚ ավանդատեսակում սկսած 1,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով: Տվյալ ժամանակահատվածում հաճախորդները ՀՀ դրամով և 1 տարով ՙՎստահելի՚ ավանդատեսակում գումար ներդնելու դեպքում կստանան տարեկան 0,3%-ով ավել եկամուտ: Անակնկալներ կլինեն նաև ՙէքսպրես ուսանողական՚ վարկի վարկառուների համար  և տվյալ ծրագրի շրջանակում նշված վարկատեսակը կտրամադրվի ավելի ցածր տոկոսադրույքով:
ՙԱյս ծրագիրը ՙՀՀ-ում ֆինանսական կրթությանան ազգային ռազմավարության՚ մաս է կազմում և բնականաբար Անելիք Բանկը չէր կարող անմասն մնար ու իր ներդրումը չունենար այս գործին: Հուսով եմ, որ նման սոցիալական ուղվածություն ունեցող ծրագրերը, որոնք բնակչության լայն զանգվածների համար ավելի հասանելի են դարձնում ֆինանսական գործիքների օգտագործումը, առավել հաճախ կիրականացվեն՚,- նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Վարչության նախագահի ժ/պ  Բաբիկ Նաջարյանը:
Նշենք, որ վերջերս լիբանանյան CreditBank S.A.L բանկը մեծացրեց իր բաժնեմասն Անելիք Բանկում, 89.95%-ից այն հասցնելով 100%-ի: Մինչ այդ մյուս 10.5%-ը պատկանում էր Սամվել Ճզմաչյանին, որին Անելիք Բանկի վարչության նախագահի պաշտոնում կփոխարինի Ներսես Կարամանուկյանը, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի հոկտեմբերի 7-ին: