Երեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2013 20:12
Հիփոթեքի ծավալները Հայաստանում մեկ տարում աճել են 11 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում 2013 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 155.3 մլրդ դրամ: Հիպոթեկային վարկավորումը երկրում տարեկան կտրվածքով աճել է 11% , իսկ օգոստոսի աճը կազմել է ընդամենը 1%: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, բանկերի եւ վարկային կազմակերպությունների ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքի մասնաբաժինը սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 8.3 %, նախորդ տարվա 8%-ի փոխարեն:
Աղբյուրի համաձայն, ֆինանսական հաստատությունների հիփոթեքային պորտֆելի տարեկան աճը հիմնականում պայմանավորված է եղել բանկային հիփոթեքի աճի հաշվին, որի տեսակարար կշիռը հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելում կազմել է 88 % կամ 136.8 մլրդ դրամ (տարվա աճը` 11 %, իսկ օգոստոսի աճը` 1%): ՎԿ-ների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի մասնաբաժինը կազմել է 12 % կամ 18.5 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 14%, իսկ միայն օգոստոսին` 2.5%:
Բանկային հիփոթեքային վարկերի կառուցվածքում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկերի մասնաբաժինը տարեկան կտրվածքով աճել է 13%, իսկ օգոստոսին` 2%, մինչեւ 106.3 մլրդ դրամ: Վերանորոգման նպատակով վարկերը կազմել են 23 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով նվազելով 2%, իսկ ամսվա կտրվածքով աճելով 0.5 %:
Վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքի կառուցվածքում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկերի մասնաբաժինը կազմել է 9.7 մլրդ դրամ, տարեկան աճը` 10%, իսկ միայն օգոստոսին` 2%: Վերանորոգման նպատակով վարկերը տարեկան կտրվածքով աճել են 19.5%, օգոստոսին` 4 %, մինչեւ 8,6 մլրդ դրամ: (ԱՄՆ դոլարի փոխարժեքը 30/08/13 դրությամբ կազմել է 406,24 դրամ/ $ 1):