Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2013 21:06
Անելիք Բանկը նախատեսում է վեց ամիս անց դառնալ շահութաբեր
ԱրմԻնֆո. Անելիք Բանկը նախատեսում է վեց ամիս անց դառնալ շահութաբեր: Այս մասին հոկտեմբերի 7 – ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Անելիք Բանկի Վարչության նորանշանակ նախագահ Ներսես Կարամանուկյանը, մեկնաբանելով ԱրմԻնֆո գործակալության հարցը:
Նրա խոսքերով, բանկը մտադիր է դրան հասնել ներքին ծախսերը, այդ թվում գործառնական ծախսերը նվազեցնելով, ինչպես նաև մատուցվող ծառայությունների ակտիվացման միջոցով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, 2012 թվականին Անելիք Բանկն արձանագրեց վնաս` 1,5 մլրդ դրամ, 2011 թվականի 145 մլն դրամ զուտ շահույթի փոխարեն: Հարկ է նշել, որ 2012 թվականի դեկտեմբերին Անելիք Բանկից օտարվեց Մոսկվայի ՙԱնելիքՌը՚-ն, հետագայում տիրապետման իրավունքները հանձնելով Լիբանանի Credit Bank SAL-ին: 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Անելիք Բանկի վնասը կրճատվեց 1.1 մլրդ դրամով: Բանկի ընդհանուր կապիտալը հուլիսի 1-ին կազմել է 13.4 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 14.3 մլրդ.դրամ, ակտիվները ` 63.9 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 36.4 մլրդ դրամ, պարտավորությունները` 50.5 մլրդ դրամ:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank SAL-ը, որը վերջերս իր բաժնեմասը 89,95 % - ից հասցրեց 100%-ի: Ներսես Կարամանուկյանը բանկի Վարչության նախագահ է նշանակվել այս տարվա սեպտեմբերի 17 - ին, բանկի Խորհրդի նիստում, ինչի կապակցությամբ դադարեցվել է նրա անդամությունը բանկի Խորհրդում: