Երեքշաբթի, 5 Նոյեմբերի 2013 20:26
Գործարար ակտիվության ինդեքսը Հայաստանում երրորդ եռամսյակում իջել է 58-ից մինչև 55.6 միավոր, իսկ գործարար միջավայրի ինդեքսը 53.8-ից բարձրացել է մինչև 4.2 միավոր
ԱրմԻնֆո. Գործարար ակտիվության ինդեքսը Հայաստանում 2013 թվականի երրորդ եռամսյակում, հարցվողների ընդհանուր գնահատականով, 58-ից իջել է մինչև 55.6 միավոր, տարեկան կտրվածքով բարձրանալով 0.8 կետով:
Ի դեպ, այս գործակցի գնահատակաների եռամսյակային վատթարացումը պայմանավորված է եղել գործարար ակտիվության տեմպերի դանդաղումով` սակայն բոլոր ոլորտներում առկա լավատեսական դրամադրությունների պահպանումով: Այսպես, ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է առևտրի ոլորտում` 57.8 միավոր, երկրորդ եռամսյակի 58.4 միավորի փոխարեն, ինչը 0.6 կետով զիջում է տարեկան ցուցանիօշը, իսկ դա վկայում է այդ հատվածում գործարար ակտիվության տեմպերի դանդաղման մասին: Այնուհետև հաջորդում է արդյունաբերական հատվածը, որտեղ ԱԻ-ն երրորդ եռամսյակում գնահատվել է 56.4 միավոր, երկրորդ եռամսյակի 60.6 միավորի փոխարեն, տարեկան կտրվածքով աճելով 2.4 կետով: Ծառայությունների ոլորտում ԱԻ-ն գնահատվել է 5.1 միավոր, երկրորդ եռամսյակի 56.7 միավորի փոխարեն, տարեկան կտրվածքով աճելով 0.9 կետով: Ամենացածր ԱԻ-ն հարցվողները երրորդ եռամսյակում շնորհել են շինարարության հատվածին` 53.3 միավոր, եռամսյակում նվազելով 2.6 կետով, իսկ տարեկան կտրվածքով աճելով 0.3 կետով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, գործարար միջավայրի վերջնական գնահատականը հարցվողների կողմից երրորդ եռամսյակում 53.8 միավորից բարձրացել է մինչև 54.2 միավոր, տարեկան աճը` 3.4 կետով: ՄԻ եռամսյակային աճը պայմանավորված է եղել բոլոր ոլորտներում ակնկալիքների բարելավումով, բացի առևտրի ոլորտից: Այսպես, ՄԻ ամենաբարձր ցուցանիշը շարունակում է գրանցել արդյունաբերության հատվածը` 56.8 միավոր, երկրորդ եռամսյակի 55.8 միավորի փոխարեն, տարեկան աճը` 2.9 կետով: Այնուհետև հաջորդում է ծառայությունների ոլորտը` 54.7 միավոր, երկրորդ եռամսյակի 54.3 միավորի և 2012-ի երկրորդ եռամսյակի 47.4 միավորի փոխարեն: Առևտրի ոլորտում ՄԻ գնահատվել է 52.4 միավոր, երկրորդ եռամսյակի 55 միավորի և 2012-ի երկրորդ եռամսյակի 49.5 միավորի փոխարեն: Այնուհետև հաջորդում է շինարարության հատվածը` 52.3 միավոր, երկրորդ եռամսյակի 50 միավորի և 2012-ի երկրորդ եռամսյակի 51.2 միավորի փոխարեն:
Ինդեքսների հաշվարկն իրականացվել է փաստացի գնահատականների և ակնկալիքների բալանսների միջինացման մեթոդով: Տնտեսական ակտիվության փաստացի բալանսը հաշվարկվել է արտադրության ծավալների վերաբերյալ հարցվածների պատասխանների հիման վրա, իսկ ակնկալիքների բալանսը` հաջորդ եռամսյակում արտադրության հնարավոր ծավալների, ապրանքների և ծառայությունների պահանջարկի մակարդակի և պահուստների ծավալների հիման վրա:
Հիշեցնենք, որ հարցումներն անց են կացվում 2005 թվականից, գործող ձեռնարկությունների շրջանում (արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտներում, այդ թվում նաև մանրածախ առևտրի ոլորտում) և նախատեսված է գնահատել ներկա տնտեսական իրավիճակը և ակնկալիքները: Ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է ամերիկյան Conference Board ընկերության և գերմանական IFO ինստիտուտի կողմից մշակված սկզբունքների վրա: