Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2013 19:58
ՙԱնելիք՚ դրամական փոխանցումների միջազգային համակարգը նոյեմբերի 1-ից գործարկել է ցածր սակագների ակցիա` 0,5-0,9 տոկոս նախկին 2-3 տոկոսի փոխարեն
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 1-ից ՙԱնելիք՚ դրամական փոխանցումների միջազգային համակարգը հատուկ ակցիայի շրջանակում կտրուկ իջեցրել է դրամական փոխանցումների սակագները` դրանք դարձնելով առավել մատչելի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, սակագները նվազել են 2-ից 3 անգամ` ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով իրականացվող փոխանցումների դեպքում: Հաճախորդները, նոյեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կարող են արտերկրում գտնվող իրենց հարազատներին փոխանցել կամ նրանցից ստանալ դրամական միջոցներ ԱՄՆ դոլարով և եվրոյով նախկին 3%-ի փոխարեն 0,5-ից-0,9% տոկոսադրույքով: Ռուսական ռուբլով կատարվող փոխանցումների համար նոյմբերի 1-ից մինչև 2014 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում նախկին 2%-ի փոխարեն կգործի 0,5-ից-0,9% սակագին:
2013 թվականին սա ՙԱնելիք՚ համակարգով փոխանցումների սակագների երկրորդ նվազեցումն է: Մասնավորապես, նախորդ նվազեցումն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, և այն ժամանակ ՙԱնելիք սոււպեր՚ սակագնային նշագծի փոխանցումների (ակնթարթային փոխանցումներ 5-15 րոպեի ընթացքում) միջնորդավճարները նվազեցվել էին մինչև 0,7-0,9 տոկոս:
Հիշեցնենք, որ ՙԱնելիք՚ բանկը Հայաստանի բանկերի շրջանում առաջինը 1997 թվականին ստեղծեց սեփական ՙԱնելիք՚ միջազգային համակարգը: Այսօրվա դրությամբ ՙԱնելիք՚ համակարգը գործում է աշխարհի գրեթե 100 երկրների 63 հազար սպասարկման կետերում` 500 բանկերի միջոցով: Տվյալ պահի դրությամբ համակարգն արագ քայլերով զարգանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Որպես ՙԱնելիք՚ բանկի միանձնյա բաժնետեր հանդես է գալիս լիբանանյան CreditBank-ը, որը 2013 թվականի սեպտեմբերին կապիտալում իր բաժինն ավելացրել է 89,95%-ից մինչև 100%: 30 տարուց ավելի Մերձավոր արևելքի ֆինանսական շուկայում աշխատող և շուրջ 2.5 մլրդ դոլար ակտիվների տնօրինող Credit Bank-ն ունի 20 մասնաճյուղ Լիբանանում, ինչպես նաև Մոսկվայի ՙԱնելիքՌու՚-ն (զբաղվում է դրամական փոխանցումներով):