Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2013 21:34
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին հետաքրքրում է, թե ինչու վարկավորման 15% բարձրացման դեպքում Հայաստանի տնտեսական աճը հազիվ հասնում է 3%-ի
ԱրմԻնֆո. Այսօր ՀՀ խորհրդարանում ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է, թե ինչու վարկավորման ծավալների 15% բարձրացման դեպքում Հայաստանի տնտեսական աճը հազիվ հասնում է 3%-ի:
<Անցյալ տարի մենք խոսում էինք 6% տնտեսական աճի մասին, այսօր պաշտոնական թիվը կազմում է 3%, Եվրաբանկի տվյալները նշում են 2.5%-ը: Եթե մինչ այդ, 1996 թվականին, բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ չափերով մենք առջևում էինք, ապա այսօր արդեն 3 անգամ զիջում ենք հետխորհրդային մյուս երկրներին: Դուք միշտ նշում եք, որ ակտիվներն աճում են, բանկային համակարգը զարգանում է: Այդ դեպքում բացատրեք, թե ինչու այս տարի վարկավորման ծավալների զգալի աճի պայմաններում տնտեսական աճն այդքան ցածր է: Վարկավորման որ հատվածների մասին է, այդ դեպքում, գնում խոսքը>-նման հարցով Բագրատյանը դիմել է գլխավոր բանկիրին:
Ջավադյանը պատասխանել է. <Դուք իրավացի եք, որ վարկավորման տեմպերի աճը գերազանցում է տնտեսական աճին: Բայց աս տարի բանկերի ակտիվներն ավելացել են ավելի քիչ չափով, քան նախորդ տարիներին, երբ վերջին 5-6 տարիներին վարկային պորտֆելի աճը կազմում էր 27%: Գրեթե հավասարվել են վարկային ներդրումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` արդյունաբերությունը, տրանսպորտը և կապը, ինչպես նաև բիզնեսի ոլորտը: Շատ ավելի քիչ են սպառողական վարկերր: Բավականին լուրջ ցուցանիշներ ունենք հիփոթեկային վարկավորման ոլորտում: Սկսած 2009 թվականից, երբ Հայաստանն ստացավ ռուսական կայունացման վարկը, այդ պահից կտրուկ աճեց արդյունաբերութան վարկավորման ծավալը: Բայց մեզ մոտ սխալ պատկերացում գոյություն ունի, եթե մենք կարծում ենք, որ, օրինակ, վարկային ներդրումների 30% աճը կարող է ՀՆԱ-ն մեծացնել 5%>,-պատասխանել է Ջավադյանը, նշելով, որ պատրաստ է ներկայացնել գրավոր տվյալներ, որոնք վկայում են, թե որքան և ինչպես են այդ վարկերն ազդել ՀՆԱ վրա:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2012 թվականին աճել են 24.5%, 2013 թվականի հունվարի 1-ին կազմելով 1.6 տրլն.դրամ կամ 3,9 մլրդ.դոլար: Միևնույն ժամանակ, ՀՆԱ-ն 2012 թվականին աճեց 7,2 %, մինչև 3,982 տրլն.դրամ: Ընդ որում, 2009 թվականին ՀՆԱ-ի 14.1% անկումը 2010 թվականին ցուցադրեց 2.2% աճ, իսկ 2011 թվականին` աճեց 4.7%: Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել են 1.696 տրլն.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 11.5 %, իսկ հունվար – սեպտեմբերին` 6.6 %: Ընդ որում, ՀՆԱ-ի աճը 2013 թվականի առաջին եռամսյակում նվազեց 45.6 %,մինչև 722,5 մլրդ դրամ, իսկ երկրորդ եռամսյակում աճեց 28.1 %, մինչև 900,7 մլրդ դրամ: Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013 թվականի հունվար – սեպտեմբերին աճել է 3,2%, իսկ միայն սեպտեմբերին` 10.3%, ընդ որում, ամսական այդ աճի հիմնական դրայվերները հանդիսացան շինարարության ոլորտը, գյուղատնտեսությունը, առևտուրը և արդյունաբերությունը: