Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2013 14:33
Կենտրոնական բանկը գրանցել է <Շեն Հոլդինգ>-ի 4 մլն. ծավալով դոլարային պարտատոմսերի թողարկման ազդագիրը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է <Շեն Հոլդինգ> ՓԲԸ 4 մլն. ծավալով և 11% եկամտաբերությամբ անվանական, արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի թողարկման ազդագիրը (մեկ պարտատոմսի գինը` $100): Ընկերության կորպորատիվ պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 5 տարի, արժեկտրոնային եկամուտները վճարվելու են կիսամյակային պարբերականությամբ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է ընկերության նախագահ Սամվել Բեգլարյանը:
Հոլդինգի ղեկավարը ճշգրտել է, որ թողարկման տեղաբաշխումը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 17-ին: Ս.Բեգլարյանը տեղեկացրել է, որ թողարկման շրջանակներում ներգրավված դրամական միջոցներն ընկերությունը կուղղի նախկին պարտքի վերաֆինանսավորմանը: Հոլդինգի այս թողարկման (ինչպես և մյուս բոլոր թողարկումների) անդերրայթերն է հանդիսանալու <Կապիտալ Ինվեստմենթս> ներդրումային ընկերությունը:
<Թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման> նոր կանոնները հոլդինգի տնօրենների Խորհուրդը հաստատել է 2013 թվականի նոյեմբերի 11-ին:
Նշենք, որ ընկերության բոլոր թողարկումների ընդհանուր ծավալը կազմում է 2.7 մլրդ. դրամ: Առաջին անգամ ընկերությունը կորպորատիվ պարտքի շուկա է դուրս եկել 2006 թվականին 40 մլն.դրամ թողարկման ծավալով` դառնալով Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի պիոները: Հոլդինգը մշակում է նաև IPO անցկացման պլան:
Ընկերության ակտիվները, ըստ հոլդինգի տվյալների, 2013 թվականի առաջին կիսամյակի վերջին կազմել են 16 մլրդ.դրամ, կուտակված շահույթը` 2.7 մլրդ.դրամ: <Շեն Հոլդինգի> կանոնադրական կապիտալը 2013 թվականի հուլիսի 1-ին կազմել է 3.35 մլրդ.դրամ:
Հիշեցնենք, որ ՙՇեն Հոլդինգ՚ - ը զբաղվում է շինանյութերի, այդ թվում` ներկերի, լաքերի, շինարարական չոր շաղախների, ինչպես նաև բետոնային բլոկների, ապրանքային բետոնի ու մայթային սալիկների արտադրութամբ և իրացմամբ: Ընկերությունն ակտիվ արտադրական գործունեություն է ծավալում նաև Վրաստանում: Ներկայումս հոլդինգն ակտիվորեն աշխատում է սեփական հումքային բազայի ձևավորման վրա, տիրապետելով տարածաշրջանի ամենախոշոր գիպսային հանքավայրին: Ներկայումս ՙՇեն Հոլդինգ՚ ՓԲԸ ձեռնարկություններում աշխատում է մոտ 500 մարդ:
Հիշեցնենք, որ ՙՇեն Կոնցեռն՚- ը հիմնադրվել է 1995 թվականին: 2012 թվականի վերջին ընկերությունը վերակազմավորվեց, միավորելով Huntsman Building Products ընկերությունը և ՙՇեն րուպ՚ ՓԲԸ-ն, որից հետո վերանվանվեց ՙՇեն Հոլդինգ՚ - ի: