Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2013 13:40
Այսուհետ «Անելիք Բանկ» ՓԲԸ միջոցով հնարավոր է ապառիկ կարգով իրականացնել ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրում
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին է տրամադրում նոր հնարավորություն: Այսուհետ «Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդները կարող են ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերը տեղադրել ապառիկ եղանակով` օգտվելով Բանկի վարկավորման պայմաններից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթաքում: Վարկը տրամադրվում է 0% կանխավճարով, սկսած տարեկան 22% տոկոսադրույքից ՀՀ դրամով և 16% տոկոսադրույքից` ԱՄՆ դոլարով տրամադրման դեպքում: Վարկի առավելագույն գումարը կազմում է 700 հազար ՀՀ դրամ դրամով և 1700 ԱՄՆ դոլար` ԱՄՆ դոլարով տրամադրելու դեպքում: Վարկատեսակից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի Արաբկիր մասնաճյուղ, ներկայացնելով ընդամենն անձնագիր և ավտոմեքենայի տեխ. անձնագիրը:
««Անելիք Բանկ»-ը միշտ կարևորել է մանրածախ բանկային գործիքները, քանի որ դրանք առնչվում են հասարակության լայն շերտերին: Վստահ եմ, որ վարկի տրամադրման համար պահանջվող քիչ փաստաթղթերի ցանկի և տրամադրման ընթացակարգի պարզության շնորհիվ մեր հաճախորդներն առավել ակտիվ կօգտվեն տվյալ վարկատեսակից»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Անելիք Բանկի ակտիվները կազմել են 60.7 մլրդ. դրամ: Դրանց կառուցվածքում վարկային ներդրումները կազմել են 56.1% կամ 34.1 մլրդ. դրամ: Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 11.5 մլրդ.դրամ: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերի մասնաբաժինը կազմել է 34%: