Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2013 11:43
Կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներ են հանդիսանում Արարատբանկը, Արդշինինվեստբանկը, Հայբիզնեսբանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը և Հայփոստը
Կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներ են հանդիսանում Արարատբանկը, Արդշինինվեստբանկը, Հայբիզնեսբանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը և Հայփոստը
ԱրմԻնֆո. Այս պահի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներ են հանդիսանում «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ,«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայփոստ» ՓԲԸ,
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրությունը կարելի է կատարել այսօրվանից հաշվի օպերատորների միջոցով: Բացի այդ, ընտրություն կարելի է կատարել նաև մուտք գործելով www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը:
Նոյեմբերին ԿԲ կողմից գրանցված «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ Արմենիա» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունները, որոնց տրամադրվել են ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ունեն նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն: Նրանցից յուրաքանչյուրն առաջարկում է ներդրման երեք ռազմավարություն. առաջին` կայուն եկամտային (FIX) պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, պահպանողական (CON) պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, հավասարակշռված (BAL) պարտադիր կենսաթոշակային ֆոնդ: Հաճախորդն ինքնը կորոշի, թե նշված ռազմավարություններից որով կընթանա միջոցների տեղաբաշխումը:
ԿԲ նախազգուշացնում է, որ հաշվի օպերատորները և նրանց աշխատակիցներն իրավունք չունեն գովազդել կամ որևէ կերպ ուղղորդել մասնակցին ընտրելու կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ: Իսկ եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում, սակայն ընտրում է ֆոնդի կառավարիչ, ապա նրա համար Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) ընտրում է իր նախընտրած կառավարչի պահպանողական ֆոնդը: Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում և դժվարանում է ընտրել ֆոնդի կառավարիչ, ապա նրա փոխարեն Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) պատահականության սկզբունքով ընտրում է որևէ կառավարչի պահպանողական ֆոնդը: Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարելի է այցելել www.abcfinance.am կամ www.epension.am կայքեր կամ զանգահարել 114 թեժ գծի հեռախոսահամարին, իսկ «Իմ հաշիվը» ինտերնետային էջի և հաշվի օպերատորների վերաբերյալ տեղեկությունների համար՝ 010 543321 (131) հեռախոսահամարին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է կուտակային կենսաթոշակային ապահովման կամավոր համակարգ, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից նոր համակարգը կգործի պարտադիր` 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար: Հայաստանում կամավոր կենսաթոշակային (և ներդրումային) հիմնադրամի առաջին գրանցված կառավարիչը «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն է (ՀՀ ԿԲ 2012թ. հոկտեմբերի 18-ի լիցենզիա): 2013թ. Նոյեմբերին ԿԲ գրանցել է եվրոպական երկու խոշոր ընկերությունների` «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՓԲԸ (նոյեմբերի 19) և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ (նոյեմբերի 29)` նրանց տրամադրելով կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչի լիցենզիաներ: