Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2013 18:11
«Lawyer Monthly» ամսագրի կողմից տարվա լավագույն իրավաբանական կազմակերպություն է ճանաչվել «Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը
ԱրմԻնֆո. «Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը «Lawyer Monthly» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2013 թվականի լավագույն իրավաբանական կազմակերպություն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, «Lawyer Monthly» ամսագրի մրցանակն իրավական ոլորտում հանդիսանում է գործունեության և փորձառության գնահատման բարձր չափանիշ: Այս ամենամյա մրցանակը շնորհվում է ամենադինամիկ զարգացող և վստահություն վայելող իրավախորհրդատվական կազմակերպություններին: 2013թ. մրցանակաբաշխությանն առաջադրվել է իրավախորհրդատվական ծառայություններ մատուցող աշխարհի ավելի քան 500 ընկերություն:
Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել մի շարք չափանիշների հիման վրա: Մասնավորապես, հաշվի է առնվել Ամերիայի փորձառությունը, դիտարկվել է վերջին 12 ամիսների ընթացքում ծավալած գործունեությունը և ներգրավվածությունը նշանակալի իրավական խնդիրների լուծման գործընթացում: Ամերիան hաղթող է ճանաչվել նաև լուծված իրավական խնդիրների քանակի /ծավալի/, իր նորարարական մոտեցումների, ինչպես նաև` նախորդ ձեռքբերումների ու մրցանակների հիման վրա:
Ըստ աղբյուրի, իրավական ոլորտում հայտնի “Lawyer Monthly” ամսագիրը հիմնականում անդրադառնում է համաշխարհային իրավական համայնքի, մասնավորապես`ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի երկրների գործունեությանը:
Նշենք, որ Ամերիաբանկից բացի «Ամերիա» ընկերությունների խմբի անդամ են նաև «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը, «Ամերիա Էքվիտի Պարտներս», «Պրոպերթի դիվելոփմենտ քոմփանիի» և «Ամերիա Ինվեստ» ընկերությունները: «Ամերիա» ՓԲԸ-ն ակտիվորեն աշխատում է իրավաբական խորհրդատվության կորպորատիվ վերակազմավորման, միավորման և միաձուլման, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, կառավարման և բարեփոխումների ոլորտներում: