Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2013 18:07
Ասմուս Ռոտնե. Ներկայումս քչերն են ներդրումներ կատարում իրենց սեփական բիզնեսում
ԱրմԻնֆո: ProCredit Bank Armenia-ն իր գործունեությունը Հայաստանի բանկային համակարգում սկսեց 2008 թվականի փետրվարից: Բանկի մասնագիտացումը, ելնելով ProCredit Holding-ի ռազմավարությունից, կենտրոնացված է փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման վրա: Գործունեության մոտ 6 տարիներին ProCredit Bank Armenia-ն ընդգրկեց ՓՄՁ ոլորտի վարկավորման շուկայի մոտ 15%-ը, վարկային ընդհանուր պորտֆելում ՓՄՁ վարկավորման մասնաբաժինը հասցնելով ավելի քան 90%-ի: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում ձեռքբերումների, պլանների և հեռանկարների մանրամասների մասին է պատմում բանկի գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն (Asmus Rotne):
2013 թվականի երրորդ եռամսյակում բանկին վերջապես հաջողվեց ապահովել որոշակի շահույթ, ինչը թույլ տվեց զգալիորեն կրճատել կուտակված վնասը: Ե՞րբ բանկին կհաջողվի ամբողջովին զրոյացնել վնասը և ունենալ աճող շահույթ: Մտադի՞ր եք արդյոք զգալիորեն ակտիվացնել վարկավորումը, և ի՞նչ առաջնահերթութուններ են այդ առումով արդեն նախատեսված:
Ներկայումս մենք արդեն դուրս ենք եկել վնասներից, անցնելով շահութաբերության: ProCredit-ի փորձը մյուս երկրներում ցույց է տալիս, որ «դուստրերին» հաջողվել է շահութաբեր դառնալ գործունեութան 3-5 տարում: Մեր պարագայում կայացած ավելի երկար ճանապարհը պայմանավորված էր նրանով, որ գործունեության մեկնարկը համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Ինչ վերաբերվում է վարկավորման ակտիվացմանը, ինչպես նաև մեր բիզնեսի ընդհանուր աճին, կարծում եմ, որ բանկն այդ առումով արդեն ունի բավականին լավ ցուցանիշներ: Օրինակ, 2013 թվականին բանկը գործարկեց շատ ակտիվ գովազդային ծրագրեր, որոնց շնորհիվ մեր պոտենցիալ հաճախորդները ծանոթացան ProCredit Bank Armenia-ի գործունեության նոր ասպեկտներին: Այն փաստը, որ մենք գերմանական բանկ ենք, տալիս է շատ լավ արդյունք, նպաստելով նոր հաճախորդների ավելի ակտիվ ներգրավմանը: Եվս մեկ գովազդային ծրագիր, որը շուտով կավարտվի, կբացահայտի մեր հաճախորդների գնահատակաները մեր հետ համագործակցության վերաբերյալ, և դրանով մենք բացահայտում ենք մեր հաճախորդների կարծիքը բանկի մասին: Դրա հետ մեկտեղ, մեզ մոտ նկատվում է սպասարկման որակի բարձրացում, այդ թվում նաև մասնաճյուղերում հերթերի նվազում, ինչը նկատում են նաև մեր հաճախորդները: Դրանով էլ պայմանավորված է մեր բիզնեսի աճն, ընդհանուր առմամբ, իսկ մասնավորապես, նաև հաճախորդների բազայի աճը:
Վերջին մեկուկես տարիներին բանկը երկու անգամ կապիտալացվեց: Այդ կապակցությամբ հետաքրքիր կլիներ իմանալ, արդյո՞ք բանկը 2014 թվականին նախատեսում է կապիտալի ավելացում:
2014 թվականին, ըստ նախնական տվյալների, մենք կշարունակենք մեծացնել կապիտալը, բայց արդեն սուբօրդինացված վարկի տեսքով, այսինքն, բաժնետերերի մասնաբաժինները դրանից չեն փոփոխվի: Դա նույնպես կապված է այն բանի հետ, որ ինչպես 2013, այնպես էլ 2014 թվականին մենք կշարունակենք մեծացնել մեր վարկային պորտֆելը և այս ուղղությամբ ակնկալում ենք լուրջ հաջողություններ:
ՓՄՁ մասնաբաժնով բանկը հանդիսանում է առաջատար, ինչը, զարմանալի չէ, ելնելով ProCredit Holding քաղաքականությունից և ռազմավարությունից: Ինչպի՞սին է ProCredit Հոլդինգի, ինչպես նաև ProCredit Բանկի ներգրավվածությունը շուկայի այդ հատվածում, մասնավորապես:
Բանկը ներգրավել է ՓՄՁ բանկային ընդհանուր շուկայի մոտ 15%-ը, բայց կախված այն բանից, թե ինչպես եք սահմանում ՓՄՁ-ն, իհարկե, այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է, քան ընդհանուր բիզնեսի մասնաբաժինը բանկի պորտֆելում: Բիզնես-վարկերով մենք ունենք շուկայի 3-4%-ը, բայց հատկապես ՓՄՁ գծով մեր ցուցանիշն այնքան էլ վատը չէ Հայաստանում: Հոլդինգի գծով դժվարանում եմ պատասխանել, քանի որ Հոլդինգի կազմում գտնվում են աշխարհի տարբեր երկրներում գործող 22 բանկեր, ինչն էլ դժվարացնում է նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ հաշվարկների կատարումը:
Կա՞ն արդյոք սահմանափակումներ ՓՄՁ վարկառուի ընտրության հարցում: Ինչպիսի՞ պահանջներ է ներկայացնում Բանկը վարկառուներին, և ինչո՞վ են այդ պայմանները տարբերվում մյուս բանկերից:
Կան չափանիշներ, որոնք կապված են շրջակա միջավայրի հետ, գլոբալ առումով: Օրինակ, մենք չենք ֆինանսավորում այն բիզնեսը, որն աղտոտում է շրջակա միջավայրը կամ վատթարացնում սոցիալական մթնոլորտը, լինի դա ծխախոտի արտադրություն, թե ալկոհոլային խմիչքների ներկրում: Մենք նաև գտնում ենք, որ ներկայացնում ենք պատասխանատու բանկի հայեցակարգ, որը փնտրում է պատասխանատու, իր գործողություններում կայուն գործարարին,, որն իր բիզնեսն ընդլայնում է խելամտորեն:
Իսկ կա՞ արդյոք շուկայում պատասխանատու հաճախորդների պակաս:
Սկզբունքայնորեն, չկա: Բանն, ավելի շուտ, նրանում է, որ տնտեսական դանդաղ աճի պատճառով Հայաստանի ՓՄՁ ներկայացուցիչներին ներկայումս կրում են դժվարություններ: Բանկի վարկային պորտֆելի վրա բացասականորեն է ազդում նաև դեպի Հայաստան ներդրումների ներհոսքի կրճատումը: Դրա համար էլ բիզնես-վարկավորումը վերջին 9 ամիսներին, բանկային շուկայի առումով, գրեթե չի զարգանում:
Զարգացման ինչպիսի՞ ուղիներ կառաջարկեիք: Միգուցե պետական միջամտությո՞ւն, ինչպես գյուղատնտեսության սուբսիդավորման պարագայում:
Գիտեք, ես գտնում եմ, որ իրական զարգացումն ապահովում է ոչ թե սուբսիդավորման ճանապարհը, այլ շուկայի հնարավորությունների բազմազանությունը: ProCredit Bank Armenia-ն մասնակցում է նաև գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագրին, ինչի շնորհիվ իր հաճախորդներին 2 տարով և տարեկան 10% տոկոսադրույքով տրամադրում է դրամային վարկեր, ինչը շատ ձեռնտու է նրանց: Բայց բիզնես-միջավայրի իրական զարգացմանը կարելի է սպասել միայն այն դեպքում, եթե գործարարը կարողանա տեսնել շուկայի հնարավորությունները, վստահ լինելով իր պլաների անխոչընդոտ իրականացման մեջ: Իսկ տվյալ պահին նկատվում է երկրի ապագա տնտեսական զարգացման նկատմամբ վստահության պակաս, և այդ պայմաններում գործարարները գերադասում են հետաձգել իրենց ներդրումային պլաները: Ներկայումս քչերն են ներդրումներ կատարում իրենց սեփական բիզնեսում: Մեր կողմից տրամադրվող վարկերի մեծ մասը գնում է շրջանառու կապիտալի համալրմանը: Իսկ դրա պատճառը կայանում է նրանում, որ շատերը, պարզապես, կասկածում են շուկայի հուսալիությանը:
Իսկ ինչպե՞ս եք Դուք այդ ֆոնի վրա գնահատում Հայաստանի ՓՄՁ շուկայի ներուժը:
Ներկայումս, իմ կարծիքով, ՓՄՁ շուկան չի զարգանում, ընդհանրապես: Պարզապես, բանկերն իրար մեջ մրցակցում են այդ փոքրիկ հատվածի համար, ավելի լավ պայմաններով ու սպասարկումով: Այս առումով մեր բանկի գործունեությունը շատ հաջող է: Մեր վարկային պորտֆելի աճը ոչ միայն լավ սպասարկման, այլ նաև դժվարին պահին հաճախորդին աջակցելու վկայությունն է, ինչն էլ, իր հերթին, օժանդակում է ՓՄՁ սուբյեկտների հետ երկարաժամկետ գործընկերության հաստատելուն:
Ձեր կարծիքով, կարո՞ղ է արդյոք կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրումն ակտիվացնել ՓՄՁ շուկան:
Այդ համակարգի ներդրումով կապիտալի շուկան կփոխվի, քանի որ մեծ գումարներ կկուտակվեն, որոնք պետք է ներդրվեն: Սակայն, հազիվ թե կարելի է սպասել, որ դրանից կակտիվանա ՓՄՁ շուկան: Դա, ավելի շուտ, կազդի մեծ ձեռնարկությունների, կամ պետական պարտատոմսերի շրջանառության վրա, հնարավոր է, որ ազդի նաև շուկայի ավելի փոքր մասնակիցների վրա, բայց սկզբնական շրջանում` հազիվ թե:
Մենք խոսեցինք գյուղվարկավորման թեմայից, որտեղ բանկերը բավականին ակտիվ են:: Ինչպիսի՞ չափանիշներով են ընտրվում գյուղատնտեսական վարկերի փոխառուները, և ի՞նչն է հանդիսանում գրավի ապահովման առարկան այդ հատվածը վարկավորելիս: Արտոնյալ ռեժիմ կիրառվո՞ւմ է արդյոք այդ վարկերը մարելիս:
Որպես գրավի ապահովման առարկա մենք դիտարկոմ ենք տունը, հողամասը, սարքավորումները, անգամ կենդանիներին, իսկ միկրո-վարկերի դեպքում` նույնիսկ գրավ չենք պահանջում: Շատ ավելի կարևոր է ճիշտ գնահատել փոխառուին ու նրա գործունեությունը, թե որքանո՞վ է նա պատասխանատու, ինչով է նա զբաղվում, կարո՞ղ է արդյոք տարեցտարի ապահովել շահույթ ու մարել վարկը, ինչպես նաև, իհարկե, մեզ համար շատ կարևոր է վարկի նպատակը:
Ելնելով նրանից, որ դուք պետպարտատոմսերի շուկայում չաշխատող միակ բանկն եք, կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ բանկի վարկավորումն ընթանում է անխափան, բացառելով ազատ միջոցների առաջացումը:
Միջոցների կարճաժամկետ ավելցուկի դեպքում մենք կարող են դրանք տեղաբաշխել պետպարտատոմսերում, բայց առայժմ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում: Հայաստանոմ մեր նպատակը փոքր և միջին բիզնեսին աջակցելն է, և այդ ֆինանսավորումն իրականացնում ենք ավանդատուների միջոցների հաշվին: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում միշտ էլ կարող ենք ֆինանսական աջակցության նպատակով դիմել մեր բաժնետերերին, բայց առայժմ նման պահանջ չկա:
Ինչպե՞ս են ընթանում գործերը քարտային բիզնեսում: Որքանո՞վ եք մտադիր ավելացնել ակտիվ քարտերի թիվը և բանկոմատների ցանցը 2014 թվականին: Ինչո՞վ է պայմանավորված, որ բանկն աշխատում է միայն Visa համակարգի հետ:
Մենք նախատեսում ենք 2014 թվականին ավելացնել բանկոմատները, բայց առայժմ չեմ կարող ասել, թե որքանով: Ինչ վերաբերվում է Visa-ին, ապա մենք որոշել ենք աշխատել միայն այդ համակարգի հետ, քանի որ ձեռնտու չենք համարում օգտվել միանգամից երկու, ֆունկցիոնալ առումով իրարից չտարբերվող քարտերից: Իսկ տեղական ArCa համակարգի հետ չենք աշխատում, քանի որ Visa-ն ավելի դինամիկ է, այդ թվում նաև միջոցների ակնթարթային մատչելիության առումով, ինչն էլ առավելություն է տալիս միջազգային գործառնություններ իրականացնելիս:
Ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում վարկերի, ինչպես նաև ավանդների տոկոսադրույքերի գծով, ինչո՞վ կլինեն դրանք պայմանավորված:
Այդ մասին դժվար է գուշակել, բայց վերջին ամիսներին նկատվում է դոլարային ավանդների տոկոսադրույքների անկում, և դրամային ավանդների տոկոսադրույքների աճ: Թե որքան ժամանակ այդ միտումը կշարունակվի, շատ դժվար է գուշակել: Կարծում եմ, որ դա այնքան էլ պայմանավորված չէ ներկա պահին բանկերի վարկային պորտֆելների աճի դինամիկայով, ինչը, համապատասխանաբար, նվազեցնում է ավանդների ներգրավելու պահանջը:
Ունենալով ԱՊՀ տարբեր երկրներոմ աշխատելու փորձ, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը Հայաստանի բանկային շուկայի, ինչպես նաև տնտեսության մասին: Ինչո՞վ է տարբերվում հայկական բանկերի միջնորդ-դերը ԱՊՀ երկրների բանկերից:
Այն, որ Հայաստանում իսկույն աչք է զարնում, դա բանկերի մեծ թիվն է նման փոքր տնտեսության համար, դրա համար էլ չկա մեծ կոնցենտրացիա: Բիզնես-միջավայրում հակառակ պատկերն է` առկա է խոշոր ձեռնարկությունների շատ մեծ կոնցենտրացիա, որոնք գրավել են գրեթե ողջ շուկան, ինչի արդյունքում ՓՄՁ-ին ընկնում է միայն մի փոքր բաժին: Եվ Հայաստանում մեր նպատակը կայանում է նրանում, որպեսզի աջակցենք տնտեսոթյան` փակուղում հայտնված այդ հատվածին, ի դեմս ՓՄՁ ոլորտի:
Այսինքն, Դուք գտնում եք, որ մեծ թվով բանկերը դա վա՞տ է Հայաստանի տնտեսության համար: Մանավանդ, որ մեծ թվով բանկերի առկայության պայմաներում է ապահովվում մրցակցությունը, ինչն էլ իր հերթին բերում է սպասարկման ավելի գրավիչ պայմանների: Չէ՞ որ կոնցենտրացիան, ընդհակառակը, տանում է դեպի ռիսկեր:
Երբ բանկերը շատ քիչ են, դա նույնպես վատ է, ինչպես նշեցիք, դա բացառում է ինտենսիվ մրցակցությունը, բայց 21 բանկը, ինձ թվում է, Հայաստանի համար շատ է: Օրինակ, Վրաստանում ընդամենը 3-4 խոշոր բանկեր միմյանց միջև կիսում են գրեթե ողջ շուկան: Հայաստանի հաճախորդների ներկայիս փոքր բազան ի վիճակի չէ ապահովել 21 բանկերի որակյալ և արդյունավետ աշխատանքը:
Ինչպե՞ս եք գնահատում մրցակցությունը Հայաստանի բանկային շուկայում:
Մրցակցություն, իհարկե, գոյություն ունի, և իրական մարժան Հայաստանում, այսինքն, ավանդների և վարկերի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը, բավականին փոքր է: Մյուս երկրների, մասնավորապես ԱՊՀ, տոկոսադրույքների համեմատ Հայաստանում ինչպես ավանդների, այնպես էլ վարկերի տոկոսադրույքները ցածր են: Մենք մեր գործունեությամբ բազմաթիվ անգամ ապացուցել ենք, որ դնելով շեշտը որակյալ սպասարկման վրա, կարող ենք հաճախորդների մեր բազան, ինչպես նաև վարկային պորտֆելն, ավելացնել, և ի վիճակի ենք մրցակցել մյուս բանկերի հետ:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային շուկայի կապիտալի համարժեքությունը: Արդյո՞ք շուկան չի պահանջում ավելի ակտիվ կապիտալացում:
Ես գտնում եմ, որ կապիտալի համարժեքության հայկական ստանդարտները չափազանց բարձր են: Ավելի հանգամանորեն այդ թեման ես կարող եմ բացել մեր բանկի օրինակով: Օրինակ, մեր բաժնետերերը գտնում են, որ մեր կապիտալի մակարդակը շատ բարձր է` վարկային պորտֆելի համեմատ: Միջազգային ստանդարտներով մենք կարող էինք աշխատել ավելի փոքր կապիտալով:
Ինչո՞վ եք բացատրում գրեթե մինչև զրոյական կետին հասած վարկավորման մակարդակը Հայաստանի շուկայում: Պատճառը բարեխիղճ փոխառուների՞ մեջ է թե՞…: Ձեր կարծիքով, ե՞րբ այս իրավիճակը կհանգուցալուծվի, և անհրաժե՞շտ է արդյոք այստեղ պետության միջամտությունը`պետական ծրագրերի տեսքով:
Բանկային համակարգի վարկային պորտֆելի «կանգառի» պատճառները տարբեր են, որոնցից մեկը ես կանվանեի որոշ խոշոր ձեռնարկություններում ստեղծված բարդ իրավիճակը, ինչի հետևանքով բանկերի մոտ առաջացել են անկանխատեսելի պրոբլեմներ, օրինակ, «Արմավիա» ընկերության սնանկացումը: Մյուս պատճառը, որն ավելի լրջորեն է ազդել իրական հատվածի, այդ թվում նաև ՓՄՁ ոլորտի վրա, դա, իհարկե, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն է, ինչն էապես բարձրացրել է ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ ձեռնարկությունների ծախսերը:
Արդեն պարզ է, որ հաջորդ տարի Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, իսկ հետագայում` նաև եվրասիական տնտեսական տարածությանը: Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ սպասվող փոփոխությունների պարագայում մեր բանկերն արդեն զբաղեցրել են սպասողական դիրքեր:
Կարծում եմ, որ ոչ թե բանկերը, այլ հաճախորդներն են զբաղեցրել սպասողական դիրքեր, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն հասկանում, թե ինչ է այդ միությունը և ինչպիսի փոփոխություններ կբերի Հայաստանի տնտեսությանը: ՀՀ կառավարությունը երկար ժամանակ ինտենսիվորեն համագործակցում էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, և այդ գործընթացը տվեց որոշակի դրական տեղաշարժեր, օրինակ, մաքսազերծման ռեժիմը դարձավ ավելի ճկուն: Ընդ որում, չնայած, որ համաձայնագիրն այդպես էլ չկայացավ, դրական փոփոխություններն, այնուամենայնիվ, պահպանվեցին, իսկ Մաքսային միության պարագայում իրավիճակը դեռ մշուշոտ է մեր գործարարների համար:
Հայաստանի բանկային շուկայում, ընդհանուր առմամբ, չի դադարում ժամկետանց վարկերի աճը, և դա այն դեպքում, երբ ստանդարտ վարկերը զգալիորեն դանդաղեցրել են աճի տեմպերը: Ինչո՞վ դա կբացատրեիք` փոխառուների վատթարացող սոցիալական իրավիճակո՞վ, թե՞ բանկերի ռիսկ-մենեջմեհտի ցածր մակարդակով:
Ժամկետանց վարկերի պրոբլեմը կարելի է լուծել միայն ավելի զգույշ վարկային քաղաքականությամբ: Օրինակ, մեզ մոտ էլ մի փոքր աճել է ժամկետանց պորտֆելը, բայց դրանում մենք առայժմ որևէ ահազանգ չենք նկատում: Ինչպես բոլոր բանկերը, մենք էլ ապահովագրված չենք սխալներից: Բայց պետք է նշեմ, որ ժամկետանց վարկերի մասնաբաժինը վարկային ընդհանուր պորտֆելում մեզ մոտ ամենացածրն է, եթե համեմատենք ProCredit Holding-ի մյուս «դուստրերի» հետ:
Հետաքրքիր է, ինչպե՞ս Ձեզ հաջողվեց կարճ ժամկետում բարձրացնել բանկի անձնակազմի մակարդակը և սպասարկման որակը: Ինչպիսի՞ն է տվյալ պահին «Young Banker» ծրագրի շրջանավարտների մասնաբաժինը ձեր բանկի ընդհանուր անձնակազմում:
Մենք շատ բան ենք ձեռնարկել: Լրջորեն շեշտը դրվեց սպասարկման որակի բարձրացման վրա, սկսած մանրունքերից մինչև խոշոր դետալները: Դուք, հավանաբար, ծանոթ եք մեր «Young Banker» ծրագրին, որի շրջանակներում արդեն երկու տարի կրթում ենք մեր ապագա աշխատակիցներին: Այսինքն, այդ երիտասարդները, որոնք տարբեր բուհերի շրջանավարտներ են, արդեն կրթվել են մեր բարձրակարգ մասնագետների կողմից, որից հետո համալրել բանկի անձնակազմը, ներկայումս կազմելով ընդհանուր անձնակազմի ավելի քան մեկ երրորդը: Կցանկանայի նշել, որ ինձ մշտապես տպավորում է այդ երիտասարդերի գիտելիքների բարձր որակը: Կարող եմ վստահությամբ նշել, որ նման արժեքավոր երիտասարդությունով Հայաստանին, իրոք, պայծառ ապագա է սպասում:
Զրույցը վարեց Տիգրան Խաչատրյանը
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ