Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2013 21:16
Ընթացիկ տարվա 11 ամսվա կտրվածքով Ամերիաբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 23%-ով, իսկ գործարքների քանակը` շուրջ 45%-ով
ԱրմԻնֆո. Ընթացիկ տարվա 11 ամսվա կտրվածքով Ամերիաբանկի բոլոր տիպի քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 23%-ով` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, իսկ գործարքների քանակը` շուրջ 45%-ով: Ինչպես ԱրմԻնֆոյին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ներկայում բանկի անկանխիկ գործարքների քանակը կազմում է ընդհանուր գործարքների շուրջ 32%-ը, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում այդ մասնաբաժինը հասնում է մոտ 17%-ի, իսկ Ամերիաբանկի անկանխիկ գործարքների ծավալը կազմում է ընդհանուր գործարքների ավելի քան 32%-ը, իսկ ՀՀ բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմում է մոտ 10%:
Աղբյուրի համաձայն, դրան նպաստել են անկանխիկ գործարքների խրախուսմանը նպատակաուղղված քարտային ակցիաները: Այսպես, Ամերիաբանկը, հիմք ընդունելով «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի և MasterCard ընկերության համատեղ առաջարկված խրախուսական ծրագիրը, սույն թվականի նոյեմբերի 1-ից 30-ը հանդես էր եկել քարտային արշավով` ուղղված MasterCard քարտատերերին: Ամերիաբանկի Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտապանները, սույն թվականի նոյեմբերի 1-ից 30-ը կատարելով 300,000 և ավել դրամի չափով 30 և ավելի անկանխիկ գործարք, հնարավորություն են ստացել շահելու պլանշետ: Արշավի արդյունքում Ամերիաբանկի քարտապանների շրջանում մեծ էր հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ, մասնավորապես, արշավի ընթացքում MasterCard-ով կատարված գործարքների միջին ամսական քանակն ավելացել է շուրջ 8%-ով: Արշավի արդյունքում 14 քարտապան արժանացել է մրցանակի:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայկական բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական ամփոփագրի ութերորդ թողարկման տվյալներով, 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամերիաբանկն ուներ շուրջ 44 հազար ակտիվ քարտ, որոնցից շուրջ 7 հազարը` MasterCard, ավելի քան 30 հազարը` Visa և 6 հազարից ավելին` ArCa: Աշխատավարձային քարտերին բաժին է ընկնում ակտիվ քարտերի ընդհանուր թվի մոտ 68%-ը: Տարեկան կտրվածքով ակտիվ քարտերի թիվն ավելացել է 24%-ով, իսկ երկու տարվա կտրվածքով` գրեթե 86%-ով (հիմնականում միջազգային քարտերի թվի աճի հաշվին): Բանկի քարտերով անկանխիկ գործարքների ծավալը երկու տարում ավելացել է գրեթե 60%-ով, և դա բանկին հնարավորություն է տվել մոտենալ առաջատար հնգյակին: Բանկն ունի 601 սեփական POS-տերմինալ և 92 բանկոմատ: