Չորեքշաբթի, 8 Հունվարի 2014 17:24
Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ծավալը 2013 թվականի նոյեմբերին աճել է 1.1 տոկոսով, մինչև 1.714 տրլն.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ծավալը 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1.714 տրլն. դրամ, նոյեմբերին աճելով 1.1%, իսկ տարեկան կտրվածքով` 10,4 %: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1,602 տրլն.դրամ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, դրամային վարկերի մասնաբաժինը կազմել է 37.4 % կամ 599 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերի տեսակարար կշիռը` 62.6 % կամ 1,003 մլրդ դրամ: Դրամային վարկավորումը նոյեմբերին աճել է 2.7%, տարեկան կտրվածքով`12.2 %, իսկ արտարժութային վարկավորումը` 0.7%, տարվա աճը` 2,7 %:
Բանկային վարկերի կառուցվածքում 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի ծավալը կազմել է 5,1 % կամ 87.5 մլրդ դրամ: Նոյեմբերին երկարաձգված վարկերը նվազել են 3%, տարեկան աճը` գրեթե 3 անգամ: Երկարաձգված վարկերի մասնաբաժինը բանկային համակարգի համախառն վարկային պորտֆելում ամսվա կտրվածքով մնացել է անփոփոխ, իսկ տարեկան կտրվածքով աճել է 3 տոկոսային կետով:
Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հոկտեմբերի վերջին կազմել է 1.5 % կամ
25.3 մլրդ դրամ, նոյեմբերին նվազելով 2.7%, իսկ տարեկան կտրվածքով աճելով ավելի քան 2 անգամ: Ժամկետանց վարկերի մասնաբաժինը երկրի բանկային համակարգի համախառն վարկային պորտֆելում ամսվա կտրվածքով մնացել է անփոփոխ, իսկ տարեկան կտրվածքով աճել է 0.7 տոկոսային կետով:
Երկարաձգված վարկերի պարագայում աճի դինամիկան ապահովել է «կարճաժամկետ» վարկավորումը, որի մասնաբաժինը կազմել է 87% կամ 76.2 մլրդ դրամ, իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 62.3% կամ 15.7 մլրդ դրամ:
Ըստ աղբյուրի, դրամային վարկերի տոկոսադրույքները Հայաստանում նոյեմբերին նվազել են 0.58 կետով, իսկ տարեկան կտրվածքով` 2,05 կետով, ֆիքսվելով 14,99 % մակարդակում: ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 29.11.13թ. դրությամբ կազմել է 403,91 դրամ / $ 1: