Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2013 15:23
Ամերիաբանկը խթանում է Հայաստանում հյուրանոցային ոլորտի զարգացմանը
ԱրմԻնֆո. Վերջերս Երևանում բացվեց “Hyatt International” հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցը, որն առաջինն է տարածաշրջանում: Հյուրանոցի կառուցման համար ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլոր, որից ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլարը ֆինանսավորվել է Ամերիաբանկի կողմից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:
Ինչպես վկայում են «Ամերիա» խորհրդատվական ընկերության փորձագիտական հետազոտությունները, Հայաստանն աստիճանաբար իր ուրույն տեղն է զբաղեցնում զբոսաշրջության շուկայում: Վերջին 5 տարվա ընթացքում միջազգային ժամանումների բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպը (CAGR) Հայաստանում կազմել է 8,6%: Նկատի ունենալով, որ Հայաստանը գտնվում է զբոսաշրջության ակտիվ զարգացման սկզբնական փուլում, ժամանումների նման տեմպը բավականին բարձր է գնահատվում:
Ըստ ընկերության մասնագետների, աճում է նաև Հայաստանը որպես հանգստավայր դիտարկող մարդկանց թվաքանակը: Հետազոտության արդյունքում բացահայտվել է նաև, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանում բավականին մեծացել է հյուրանոցային ցանցի զբաղվածության աստիճանը: Միայն 2012թ. Հայաստան է այցելել 843,830 զբոսաշրջիկ, և այդ թվաքանակը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 11%-ով:
Նոր բրենդի մուտքը Հայաստան կնպաստի հյուրանոցային ոլորտում մրցակցային դաշտի մեծացմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Նշենք, որ Ամերիաբանկը հանդիսանում է ունիվերսալ բանկ, սկսած 2007 թվականից բանկը մատուցելով բանկային նորարական ծառայութոյւններ: 2011 թվականի նոյեմբերից բանկի հիմնական բաժնեըերն է հանդիսանում Ամերիա Գրուպը` 99.99%, վերջերս իր մասնաբաժինը հասցնելով 100%-ի: