Ուրբաթ, 10 Հունվարի 2014 16:25
«Անելիք Բանկն» առաջարկում է նոր «Դրամային» ավանդատեսակ, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 14,5% տարեկան եկամուտ
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է գումարները ներդնել նոր «Դրամային» ավանդատեսակում, որը հնարավորություն կտա ստանալ մինչև 14,5% տարեկան կայուն եկամուտ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ավանդի նվազագույն գումարը 100.000 ՀՀ դրամ է: Կախված ներդրված գումարի մեծությունից, Բանկի հաճախորդներին անվճար կտրամադրվեն ArCa քարտեր, ինչպես նաև միջազգային Cirrus/Maestro, MasterCard և Visa վճարային համակարգերի պլաստիկ քարտեր՝ առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի: Տվյալ քարտերի քարտապանները կարող են օգտվել   «Անելիք Բանկ» ՓԲԸ  քարտապանների համար ներդրված զեղչային ցանցից, որն ընդգրկում է Հայաստանի շուրջ 500 խանութներ և սպասարկման կետեր, ինչպես նաև ստանալ զեղչեր և հատուկ սպասարկում ամբողջ աշխարհում:
«Հաշվի առնելով բնակչության կողմից բանկային նոր պրոդուկտներից օգտվելու ակտիվ պահանջարկը, մենք ձգտում ենք ներդնել և մատուցել բանկային բազմազան նոր և մեր հաճախորդների համար շահավետ ծառայություններ: Ֆինանսական տարին դեռ նոր է սկսվել, սակայն «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների փաթեթն ընդլայնելու իր քաղաքականությանը, ընթացիկ տարում դեռ շատ հաճելի անակնկալներ կմատուցի իր հավատարիմ հաճախորդներին»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի» տվյալներով, «Անելիք Բանկի» ժամկետային ավանդների ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 25.2 մլրդ դրամ կամ բանկի ընդհանուր պարտավորությունների 53 տոկոսից ավելի: Ժամկետային ավանդների կառուցվածքում առյուծի բաժինը պատկանում է ֆիզիկական անձանց` 23.3 մլրդ դրամ: Որպես «Անելիք Բանկի» բաժնետոմսերի փաթեթի միանձնյա սեփականատեր հանդես է գալիս լիբանանյան CreditBank S.A.L-ը: