Չորեքշաբթի, 5 Մարտի 2014 18:58
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ստորագրել է 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր
ԱրմԻնֆո. Սիթի բանկը (որպես «Համակարգող», «Տեղաբաշխող» և «Լիազորված առաջատար կազմակերպիչ») Արդշինինվեստբանկի (Բանկ) հետ նախապատրաստել և ստորագրել է 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր: «Զենիթ» բանկ ԲԲԸ, «Ֆեդերեյթեդ Ինվեստորս» ամերիկյան ֆոնդը, «Լոնդոն ֆորֆեյթինգ» ՍՊ ընկերությունը և «ՎՏԲ բանկ (Գերմանիա)» ԲԸ հանդես են եկել որպես համատեղ առաջատար կազմակերպիչներ: «Ատլանտիկ Ֆորֆեյթինգ» ԲԸ և «Պրոմսվյազբանկ» ԲԲԸ նույնպես միացել են գործարքին` որպես վարկատուներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկի տրամադրմանը ներգրավված են «Բանկ Զենիթ» ԲԲԸ, ամերիկյան «Federated Investors» հիմնադրամը, «Լոնդդոն Ֆորֆեյթինգ» ՍՊԸ և «ՎՏԲ-Գերմանիս Բանկ» ԲԲԸ: Իսկ որպես կրեդիտոր նրանց են միացել նաև «Պրոմսվյազբանկ» ԲԲԸ և «Atlantic Forfeitingհ» ընկերությունը:
Ըստ աղբյուրի, գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության: Արդշինինվեստբանկի դեբյուտային սինդիկացված վարկը կնքվել է հավելյալ բաժանորդագրությամբ` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ: Գործարքի միջոցները կօգտագործվեն Բանկի առևտրային նպատակների համար: Մեկ տարեկան, առանց ապահովվածության տրամադրվող այս վարկի մարումը նախատեսված է պայմանագրային ժամկետի վերջում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2013 թվականին Արդշինինվեստբանկի ակտիվներն աճել են 26.5%, մինչև 270.9 մլրդ.դրամ, որոնց կառուցվածքում բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պահանջներն աճել են ավելի քան 2 անգամ, մինչև 11.4 մլրդ.դրամ, վարկային պորտֆելը` 31%, մինչև 176.1 մլրդ.դրամ: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 39.3%, մինչև 226.7 մլրդ.դրամ, որոնց կառուցվածքում հաճախորդների հանդեպ պարտավորություններն աճել են 33.9%, մինչև 153.2 մլրդ.դրամ, իսկ պարտավորությունները բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ` 54.1%, մինչև 70.9 մլրդ.դրամ: Արդյունքում, 2013 թվականը բանկը եզրափակել է 6.5 մլրդ.դրամ շահույթով, ապահովելով տարեկան 53.6% աճ:
Նշենք, որ 2002թ. հիմնված Արդշինինվեստբանկը 2013թ. 4-րդ եռամսյակի դրությամբ ակտիվների մեծությամբ (668 միլիոն ԱՄՆ դոլար) 3-րդ խոշոր բանկն է Հայաստանի բանկային համակարգում: 2013թ. տարեվերջի դրությամբ Արդշինինվեստբանկը սպասարկում է իր հաճախորդներին (մոտ 220 հազար) իր 1,081 աշխատակիցների, 55 մասնաճյուղերի (2-րդ խոշոր մասնաճյուղային ցանցը) և 92 ԱԳՄ-ների միջոցով: Բանկը հիմնականում ներգրավված է կորպորատիվ հաճախորդների և ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում, որոնք 2013թ. 4-րդ եռամսյակի դրությամբ կազմում են Բանկի զուտ վարկային պորտֆելի 69%-ը: Արդշինինվեստբանկի 97.23% բաժնետերը հանդիսանում է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ, իսկ 2.77%-ը՝ ղեկավարությունը: 2013թ. տարեվերջի դրությամբ երկրի բանկային համակարգում Վարկառուի ակտիվները, վարկային ներդրումները և ավանդները կազմել են համապատասխանաբար 9.2%, 9.6% և 9.4%:
Սիթին, հանդիսանալով առաջատար գլոբալ բանկ, ունի մոտ 200 միլիոն հաճախորդների հաշիվներ և գործում է ավելի քան 160 երկրներում: Սիթին իր հաճախորդներին, ընկերություններին, պետական մարմիններին և կազմակերպություններին տրամադրում է ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ անհատական բանկային ծառայությունների մատուցում և վարկավորում, կորպորատիվ և ներդրումային գործունեություն, արժեթղթերի բրոքերային ծառայություններ, գործարքային սպասարկում և հարստության կառավարում: