Հինգշաբթի, 13 Մարտի 2014 16:25
Հայաստանի միագումար ապահովագրական պորտֆելը մեկ տարում գործնականում չի փոփոխվել, իսկ հատուցումներն ավելացել են 36%
ԱրմԻնֆո. Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաները մեկ տարում աճել են 0.6%, իսկ ապահովագրական հատուցումները` 36%: 2014 թվականի հունվարի 1 – ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ընդհանուր գումարը կազմել է 35.7 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը` 20 մլրդ դրամ: Արդյունքում, Հայաստանի ապահովագրական համակարգը 2013 թվականը եզրափակել է 930 մլն դրամ վնասով, 2012-ի 961 մլն.դրամ շահույթի փոխարեն: Իսկ 2011 թվականին, ԱՊՊԱ-ի մեկնարկի շնորհիվ հաջողվեց զրոյացնել 2010-ի վնասը, արձանագրելով շահույթի 4.4 անգամյա աճ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, հայկական ընկերությունների ապահովագրական վճարները տարեկան կտրվածքով (ԱՊՊԱ ներդրումից հետո) աճել են 60%, իսկ ապահովագրական հատուցումները 2013 թվականին տարեկան կտրվածքով աճել են 2.4 անգամ:
Հավաքված ապահովագրական պրեմիաներով առաջին տեղում է Ռոսգոսստրախ Արմենիան` 10,7 մլրդ դրամ (տարեկան աճը` 8,4%), երկրորդ տեղում է ԻՆԳՈ Արմենիան` 7,9 մլրդ դրամ (տարվա անկումը` 14%), երրորդ տեղում է ՌԵՍՈ-ն` 5.8 մլրդ դրամ (տարեկան աճը` 11.7 %): Չորրորդ տեղում է Նաիրի Ինշուրանսը` 5.7 մլրդ դրամ (տարեկան աճը` 33%), հինգերորդն էՍիլ Ինշուրանսը`2.5 մլրդ դրամ (տարեկան աճը 67%) և վերջին (6 - րդ և 7 - րդ ) տեղերում են Արմենիան Ինշուրանսը`1.8 մլրդ.դրամ (տարվա անկումը` 8.2%) և Գարանտ Ինշուրանսը`1,2 մլրդ դրամ (տարեկան անկումը` 64 %):
Ապահովագրավճարների կառուցվածքում ավանդաբար ամենամեծ մասնաբաժինը կազմել է ԱՊՊԱ – ն` 45.1 % կամ 16.1 մլրդ.դրամ: Բժշկական ապահովագրության հատվածում (այդ թվում նաև կամավոր) պրեմիաներն անցյալ տարի կազմել են 11.6 մլրդ դրամ կամ ընդհանուր պրեմիաների 32 % - ը (տարվա անկումը`10%): Գույքային ապահովագրության մասնաբաժինը կազմել է մոտ պրեմիաների ընդհանուր ծավալի 6%-ը կամ 2.1 մլրդ.դրամ: Գրեթե նույն ցուցանիշն է արձանագրել նաև Կասկո ապահովագրությա հատվածը:
Ապահովագրական մյուս դասերով Հայստանի ապահովագրողների ընդհանուր պրեմիաները կազմել են մոտ 1 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ վարկային ռիսկի ապահովագրությունով Հայաստանում զբաղվում է միայն Ռոսգոսստրախ Արմենիան: Իսկ օդային տրանսպորտի ապահովագրության հատվածում գործում են 2 ընկերություններ` Ռոսգոսստրախ Արմենիան և ԻՆԳՈ Արմենիան: Մնացած 4 ապահովագրական դասերով (ջրային տրանսպորտի ապահովագրություն և դրա շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, երաշխիքների տրամադրման ապահովագրույթուն և երկաթուղին տրանսպորտի ապահովագրություն) Հայաստանի ապահովագրական ընկերությունները նախորդ տարվա ընթացքում ոչ մի պայմանագիր չեն կնքել: