Երեքշաբթի, 25 Մարտի 2014 19:00
2014 թ. մարտի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.5%:
ԱրմԻնֆո. ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.5%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ 2014 թ. մարտի 25-ի նիստում:
Աղբյուրի համաձայն, 2014 թ. փետրվարին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փետրվարի վերջին կազմել է 4.6%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:
Խորհուրդն արձանագրել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում զգալիորեն ավելացել են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ:
Խորհուրդը գնահատել է, որ 2014 թ. սկզբին պահպանվել են տնտեսական աճի ցածր տեմպերը՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերով: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ մինչ օրս դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը՝ տարեվերջից 12-ամսյա գնաճը ձևավորելով իր նպատակային մակարդակի շուրջ: Միևնույն ժամանակ, համախառն պահանջարկի աճին կնպաստի նաև տարեսկզբից արձանագրված դրամի արժեզրկումը և փետրվարին ԿԲ կողմից դրամային պարտավորությունների դիմաց պահուստավորման նորմատիվի իջեցումը:
Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով կճշգրտվեն դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ապրիլի 4-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):
Ավելի վաղ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է ՀՀ ԿԲ փետրվարի 11-ի նիստում` 7.75 %-ից մինչև 7.5%, իսկ մինչ այդ, 2013-ի դեկտեմբերի 24-ի նիստում` 8 %-ից մինչև 7.75 %: Այդ ժամանակ վերանայվել են նաև լոմբարդային ՌԵՊՈ տոկոսադրույքները` 9.5 %-ից մինչեւ 9.25%, ինչպես նաև ներգրավված ավանդների տոկոսադրույքները`6,5 %-ից մինչև 6,25 %:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ նվազեցումները տեղի են ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 12 – ին` 8.5 % - ից մինչև 8 %: Նույն օրը 0.5 տոկոսային կետով նվազեցվել են ներգրավված ավանդների տոկոսադրույքները 7% - ից մինչև 6.5%, ինչպես նաև ռեպո տոկոսադրույքը` 10% - ից մինչև 9.5 %: Մինչ այդ ՀՀ ԿԲ-ն նվազեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5 % - ից մինչև 8% ապրիլ 12-ին, պահելով այդ մակարդակում մինչև 2013 թվականի օգոստոսի 13-ը, երբ այն կրկին բարձրացավ` 8.5%-ով: Նույն օրվա դրությամբ ԿԲ խորհուրդը վերանայել է ներդրավված ավանդների դրույքաչափերը, բարձրացնելով այն 6.5 % - ից մինչև 7%, պահպանելով ռեպո տոկոսադրույքը 10% մակարդակում, պահելով այն այդ մակարդակում մինչև 2013 թվականի նոյեմբերի 12-ը: