Երեքշաբթի, 25 Մարտի 2014 14:50
Անելիք Բանկը ներդրել է 2 նոր վարկատեսակ` «Ոսկի Պլյուս» և «Ոսկու Գրավով»
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հաճախորդների ֆինանսական հրատապ խնդիրներին արագ ու մատչելի լուծում տալու համար ներդրել է 2 նոր լոմբարդային վարկատեսակ` «Ոսկի Պլյուս» և «Ոսկու Գրավով», որոնք առանձնանում են իրենց ընձեռած ճկուն հնարավորություններով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
«Ոսկի Պլյուս» վարկատեսակով վարկառուներին հնարավորություն է տրվում ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով գումար: Այս վարկատեսակի մարման ժամկետը կազմում է մինչև 12 ամիս:
Օգտվելով «Ոսկու Գրավով» վարկատեսակից Բանկի հաճախորդները կարող են ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 110%-ի չափով վարկ, մինչև 24 ամիս մարման ժամկետով: Այս վարկի տրամադրման առավելագույն գումարը կազմում է մինչև 3 մլն ՀՀ դրամ կամ 7,500 ԱՄՆ դոլար:
«Առաջնորդվելով «Անելիք Բանկ»-ի որդեգրած նոր ռազմավարության սկզբունքներով, մենք շարունակաբար ներդնելու ենք նոր բանկային գործիքներ և բարելավելու ենք գործողների պայմանները` հաճախորդներին առաջարկելով առավել մատչելի ու հասանելի պրոդուկտներ: Իսկ վերոհիշյալ նոր վարկատեսակներն առավել շահեկան դարձնելու նպատակով որպես դրանց տրամադրման նվազագույն գումար սահմանվել է 30,000 ՀՀ դրամ կամ 75 ԱՄՆ դոլար սահմանաչափը: Վստահ եմ, որ տվյալ վարկատեսակները կարճ ժամանակում դրական արձագանք կստանան վարկառուների շրջանում: «Անելիք Բանկ»-ի նպատակն է մոտ գտնվել իր բոլոր հաճախորդներին: Կարծում եմ, շուտով յուրաքանչյուր անձ` թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական, կկարողանա գտնել իր պահանջները բավարարող բանկային գործիք հենց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալությանէ Հայստանի Բանկերի ֆինանսական Ռենկինգի տվյալների, Անելիք Բանկը 2013 թվականին ավելացրել է իր սպառողական վարկային պորտֆելը 16.2 %, մինչև 14,3 մլրդ դրամ, զբաղեցնելով այդ ցուցանիշով 10 - րդ տեղը երկրի բանկային համակարգում: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկավորման մասնաբաժինը կազմում է ավելի քան 33 %:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է Լիբանանի Credit Bank SAL-ը, որն իր բաժնեմասը 2013 թվականի IV եռամսյակում 89,95 % - ից հասցրեց մինչև 100%-ի: Բանկն աշխատում է Anelik միջազգային դրամական փոխանցումների փոխկապակցված համակարգի, ինչպես նաև MoneyGram և Intel Express համակարգերի հետ: Բանկն ունի 12 մասնաճյուղ, որոնցից 6-ը գտնվում է Երևանում: