Հինգշաբթի, 27 Մարտի 2014 18:58
Տիգրան Սարգսյանն ընդունել է «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալին
ԱրմԻնֆո. Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Քսավիե Մյուսկայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները նախ իրենց ցավակցությունն են հայտնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի ղեկավար Ստեփան Գիշյանի անժամանակ մահվան կապակցությամբ և ընդգծել նրա մեծ դերը Հայաստանի բանկային համակարգի զարգացման գործում:
Այնուհետև ՀՀ վարչապետը և «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալն անդրադարձել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին: Քսավիե Մյուսկան բարձր է գնահատել մեր երկրի բանկային համակարգի զարգացման աստիճանը և նշել, որ մտադիր են էապես ավելացնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ»-ի կապիտալը, ինչը կնպաստի շուկայում տարբեր նախագծերի իրականացմանը: Վարչապետ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կառավարության աջակցությունը հայտնել բանկի ղեկավարությանը:
Նշենք, որ 2011 թվականից մինչ օրս «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկը կանոնադրական կապիտալի չափերով հանդիսանում է բանկային համակարգի առաջատարը, որը կազմում է 30 մլրդ.դրամ (74 մլն.դոլար): Կապիտալիզացիան տեղի է ունեցել 2011 թվականի երկրորդ եռամսյակում, երբ կանոնադրական կապիտալը շահույթի և էմիսիոն եկամուտների հաշվին ավելացավ ավելի քան 2 անգամ: Բանկն առաջատարն է նաև ընդհանուր կապիտալի չափերով, որը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 54.3 մլրդ.դրամ (134 մլն. դոլար): Բանկը հիմնականում մասնագիտանում է գյուղատնտեսական վարկավորման հատվածում, որտեղ նույնպես հանդիսանում է առաջատարը, տեղաբաշխելով 53.5 մլրդ. դրամի վարկեր (տարեկան աճը` 30%):
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ծանր հիվանդությունից հետո վախճանվեց «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը, իսկ մարտի 25-ին գլխավոր տնօրենի պաշտոնակարար նշանակվեց նրա տեղակալը` Նիկոլայ Հովհաննիսյանը: «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ Հայաստանում գործում է 1995 թվականից, սկզբում Գյուղական փոխօգնության բանկի անվան ներքո, իսկ 2006 թվականի սեպտեմբերին բանկի մեծամասնական բաժնետերը դարձավ ամենամեծ եվրոպական բանկային խումբը` Credit Agricole S.A., որի բաժնեմասը 2013 թվականի դեկտեմբերի 31 – ի դրությամբ կազմում է 15,56 %: Հաջորդ ամենամեծ բաժնեմասը պատկանում է «SACAM International»-ին (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12,44 %: Բանկի կապիտալում իրենց բաժնեմասերնն ունեն նաև գյուղական փոխօգնության 10 մարզային Միություններ: Բանկն ունի 45 մասնաճյուղ, որից 38 գտնվում է Հայաստանի մարզերում (3 տեղը շուկայում): Հաշվեկշռային հիմնական ցուցանիշներով Բանկը 2013 թվականին ամրապնդեց իր դիրքերը համակարգի առաջատարների հնգյակում: