Ուրբաթ, 4 Ապրիլի 2014 19:53
2014 թվականի 1-ին եռամսյակում Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազման միտումը պահպանվել է
ԱրմԻնֆո: 2014 թվականի 1-ին եռամսյակում Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազման միտումը պահպանվել է:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԿԲ մամուլի ծառայությունից, առաջնային շուկայում մարտի 17-ի դրությամբ մինչև մեկ տարի շրջանառության ժամկետով պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 8,05%: Բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 7,9%: Միջբանկային շուկայում ամսական միջին ռեպո-տոկոսարդույքը կազմել է 8,5%.
Աղբյուրի համաձայն, Հայաստանի արտարժութային շուկայում արձանագրվել է դրամի աստիճանական արժեզրկում. Մարտի 17-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը փետրվարի միջին ցուցանիշի համեմատ ավելացել է 0,74%-ով, մինչև 414,6 դրամ/1դոլար: Եվրոարժույթի նկատմամբ արձանագրվել է դրամի 2,1% արժեզրկում, մինչև 573,6 դրամ/1եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ դրամն արժեվորվել է 2,4%-ով, ձևավորելով 11,4 դրամ/1ռուբլի փոխարժեք:
Հիշեցնենք, որ մարտի 25-ի նիստում Հայաստանի ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել էր 7,5%-ի մակարդակում: Ավելի վաղ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել էր ՀՀ ԿԲ փետրվարի 11-ի նիստում` 7,75%-ց մինչև 7,5%.