Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2014 14:41
Կենտրոնական Դեպոզիտարիան ապրիլի 7-ից ձեռնամուխ է եղել Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակային հաշիվների սպասարկմանը
ԱրմԻնֆո. ՀՀայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ապրիլի 7-ից ձեռնամուխ է եղել քաղաքացիների կենսաթոշակային հաշիվների սպասարկմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտարարել է NASDAQ OMX Armenia բորսայի ղեկավար Կոնստանտին Սարոյանը, մեկնաբանելով բորսայի պաշտոնական կայքում տեղ գտած ուղերձն այն մասին, որ Կենտրոնական Դեպոզիտարիան կշարունակի կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենքով իրեն վերագրված պարտավորությունները:
Նա ճշգրտել է, որ մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը, այսինքն մոտ մեկ ամիս, քաղաքացիների ակտիվները գտնվել են այսպես կոչված «տրանզիտային հաշվի» վրա: Այդ ժամանակահատվածում քաղաքացիները պետք է կողմնորոշվեին կառավարող ընկերության ընտրության հարցում: Իսկ այն քաղաքացիների կենսաթոշակային խնայողությունները, ովքեր մեկ ամսվա ընթացքում չեն ընտրել կառավարիչ ընկերությանը, ավտոմատ կերպով բաշխվել են երկու հիմնադրամների միջև` պատահական կարգով:
Նշենք, որ նախօրեին ՀՀ Պետեկամուտների կոմիտեն իր պաշտոնական կայքում հրապարակել էր իր պարզաբանումները, կապված կենսաթոշակային կուտակային համակարգի շրջանակներում իր իրավասությունների հետ: «Պետեկամուտների կոմիտեն իրավասու չէ քաղաքացիների փոխարեն ընտրել կառավարիչ ընկերությանը»,-ասված է հաղորդագրության մեջ: Կոմիտեն այդ հարցում հղում է կատարում Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիային, որի գլխավոր խնդիրը կենսաթոշակային հաշիվների ռեեստրի վարումն է, ինչպես նաև կենսաթոշակային հիմնադրամի ակտիվների պահառուական սպասարկումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին անվավեր ճանաչեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Դատարանի որոշումից անմիջապես հետո ՀՀ խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները կգործեն մինչև սեպտեմբերի 30-ը` իրավական վակուումից խուսափելու համար: «Սահմանադրական դատարանի որոշումը դեռ չի նշանակում, որ օրենքը չպետք է գործի: ՍԴ սահմանեց, որ եթե հակասահմանադրական ճանաչված դրույթները կորցնեն իրենց իրավական ուժը, ապա վտանգի տակ կընկնի իրավական անվտանգությունը: Մենք չենք կարող մոռանալ այդ մասին»,-ասել է Հարությունյանը: Նրա խոսքով, մինչև կառավարությունը մինչև սեպտեմբերի 30-ը պետք է մշակի կամ նոր օրենքը, կամ էլ գործող օրենսդրության փոփոխությունները: «Իհարկե, ես հասկանում եմ, որ իմ մեկնաբանությունները շատերին դուր չեն գա, բայց սա է օբյեկտիվ իրականությունը, ուզենք, թե չուզենք»,-եզրափակել է Հարությունյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է NASDAQ OMX Armenia-ի ղեկավարը, Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ռեեստրը կվարի այնքան ժամանակ, մինչև երկրի օրենսդիրները որոշակի փոփոխություններ չկատարեն գործող օրենսդրությունում, ինչը կարող է տեղի ունենալ նաև մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ը: