Հինգշաբթի, 10 Ապրիլի 2014 15:26
ArCa. Ազգային պրոցեսինգի առկայությունը բացառում է ֆորս-մաժորային հանգամանքների հնարավորությունը Հայաստանի ներքին քարտային շուկայում
ԱրմԻնֆո. Ազգային վճարային համակարգի առկայությունը բացառում է քարտային շուկայի կախվածությունը միջազգային վճարային համակարգերից, հետևաբար, նաև ֆորս-մաժորային հանգամանքներից ներքին քարտային շուկայում: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման գնահատականներ է տվել Armenian Card ընկերության ղեկավար Իշխան Մխիթարյանը, մեկնաբանելով մի շարք ռուսաստանյան բանկերի «քարտային դժվարությունները:
Հիշեցնենք, որ Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերը դադարել են սպասարկել ռուսաստանյան որոշ բանկերի գործառույթները, որոնց բաժնետերերն ընդգրկված են այն անձանց ցանկում, որոնց նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ սանկցիաներ է կիրառել:
Ազգային վճարային օպերատորի անհրաժեշտության մասին նշում են նաև բանկային փորձագետները: Մասնավորապես, Հայէկոնոմբանկի կորպորատիվ և մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Վարդան Եղիազարյանն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ընդգծել է, որ ազգային պրոցեսինգային կենտրոնի առկայությունը թույլ է տալիս ապահովել ոչ միայն քարտապաների ֆինանսական անվտանգությունը, այլ նաև հանդիսանում է կոմերցիոն արդյունավետ քայլ: «Այն նվազեցնում է տրանսակցիաների ինքնարժեքը, հետևաբար, նաև այդ տրանսակցիաների գծով միջնորդավճարների մակարդակը: Բացի այդ, այդ միջնորդավճարների ողջ գոմարը մնում է մեր երկրում»,-պնդում է փորձագետը: Նրա խոսքով, երկրում ազգային պրոցեսինգի առկայությունը պաշտպանում է նաև ֆորս-մաժորային հանգամանքներից, որոնց հետ վերջերս բախվեցին ռուսաստանցիները:
Հիշեցնենք, որ Հայաստանում ներկայացրել է չորս միջազգային վճարային համակարգեր` Mastercard , Visa Int., American Express և Diners Club International: Իսկ Armenian Card-ն աշխատում է վերը նշված բոլոր վճարային համակարգերի հետ: 2010 թվականից որպես պրոցեսինգային կենտրոն է հանդես գալիս նաև ArmEx համակարգը, որի բացառիկ գործընկեր է Հայաստանի ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ բանկը: Միջազգային Diners Club (2013-ի դեկտեմբերից) քարտերի թողարկումը և էկվայրինգը Հայսատանում իրականացնում է Արարատբանկը:
Ըստ ArCa-ի տվյալների, 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ համակարգում առկա է 1,477,233 ակտիվ քարտ, որոնց մեծ մասը կազմում են տեղական ArCa քարտերը (672 834 քարտ), որին հաջորդում են Visa և Master Card համակարգերի քարտերը: Տարեկան կտրվածքով ակտիվ քարտերի ընդհանուր թիվն ավելացել է 7%:
Նշենք, որ Armenian Card ՓԲԸ հիմնադրվել է 2000 թվականին: Ներկայումս ընկերության բաժնետերերն են` ՀՀ Կենտրոնական բանկը, ինչպես նաև Հայաստանի 16 առևտրային բանկեր: Ընդ որում, ընկերության բաժնետերեր են հանդիսանում նաև մյուս բանկերը, որոնք իրականացնում են վճարային քարտերի թողարկումը և էկվայրինգը: Հիշեցնենք, որ Armenian Card ազգային միասնական վճարային համակարգը 2013 թվականի փետրվարի սկզբին գործարկեց նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան ծրագրային ապահովումը: Նոր համակարգի հիմնական առավելությունը ArCa համակարգի անդամ-բանկերի անկախության ապահովումն է սեփական յուրօրինակ քարտային նախագծերի իրականացման ընթացքում, ինչպես նաև ծավալների էական աճը: