Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 15:36
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները միացել են քեսաբահայերին օգնություն ցուցաբերելու նախաձեռնությանը
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները  քեսաբահայերին աջակցելու նպատակով միացել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած  դրամահավաքին:  
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 
այս հայրենանվեր և ազնիվ նախաձեռնությունն առավել հասանելի դարձնելու համար Բանկում բացվել է հատուկ հաշվեհամար, որտեղ  կատարվելու են փոխանցումները, և յուրաքանչյուր աշխատակից, առաջնորդվելով Բանկի որդեգրած սոցիալական պատասխանատվության սկզբունքով, կարող է մասնակից դառնալ քեսաբահայ մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու կարևոր գործընթացին: 
Աղբյուրի համաձայն, «Հայաստանի պատմության ողջ ընթացքում Սփյուռքը մշտապես եղել է նրա կողքին և այժմ մեր հերթն է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Տվյալ նախաձեռնության մեջ կարևորը ոչ միայն նյութական, այլ բարոյական կողմն է, քանի որ յուրաքանչյուր օգնություն, որը կտրամադրեն հայաստանցիները Սիրիայում գտնվող մեր հայրենակիցներին, վերջիններիս համար կլինի նաև որպես բարոյական աջակցություն»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: 
Նշենք, որ Ջինիշյան հիշատակի հիմնադրամը մասնաճյուղ ունի Սիրիայում և կարող է արագ իրականացնել բոլոր կազմակերպչական աշխատանքները, Բանկի աշխատակիցների կողմից նվիրաբերած գումարը քեսաբահայերին հասցնելու և նրանց համապատասխան այլ ծառայություններ մատուցելու համար:
Նշենք, որ Անելիք բանկի միանձնյա բաժնետերն է լիբանանյան Credit Bank S.A.L բանկը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը բանկի կապիտալում 89.95%-ից հասցրեց մինչև 100%-ի: Բանկն աշխատում է դրամական փոխանցումների իր հետ փոխկապակցված Anelik համակարգի, ինչպես նաև MoneyGram и Intel Express համակարգերի հետ: Բանկն ունի 12 մասնաճյուղ, որից 6-ը` Երևանում: