Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2014 14:37
Անելիք Բանկի աշխատակիցները քեսաբահայության օգնության հիմնադրամի շրջանակներում հավաքել են 1 մլն.ՀՀ դրամ
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները քեսաբահայերին աջակցելու նպատակով Բանկում բացված հատուկ հաշվեհամարին երկու շաբաթում փոխանցել են 1 մլն ՀՀ դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մեր հայրենակիցների օգնությանն ուղղված գործին Բանկի աշխատակիցները միացել էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած դրամահավաքի շրջանակներում: Հիմնադրամը մասնաճյուղ ունի Սիրիայում և կարող է լիարժեք իրականացնել ֆինանսական աջակցությունը դրա կարիքն ունեցող քեսաբահայերին հասցնելու կազմակերպչական աշխատանքները:
«Անելիք Բանկի աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել հանգանակությանը: Բավականին կարևոր է այն փաստը, որ տվյալ նախաձեռնությանը մասնակցել են Բանկի գրեթե բոլոր աշխատակիցները` ղեկավար անձնակազմից մինչև շարքային աշխատակիցներ: Համագործակցելով Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ, վստահ ենք, որ նվիրատվության յուրաքանչյուր լուման կծառայի իր նպատակին և որոշակի չափով կթեթևացնի մեր ազգակիցների ծանր դրությունը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ միանձնյա բաժնետերն է հանդիսանում լիբանանյան Credit Bank S.A.L բանկը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը հասցրեց 100%-ի: Բանկն աշխատում է նաև իրեն փոխկապակցված Anelik դրամական փոխանցումների միջազգային համակարգի, ինչպես նաև MoneyGram и Intel Express համակարգերի հետ: Բանկն ունի 12 մասնաճյուղ, որից 6-ը տեղակայված է Երևանում: