Շաբաթ, 26 Ապրիլի 2014 16:51
Ապրիլի 27-ին Երևանում տեղի կունենա հեծանվային արշավ և կազդարարվի առաջին հեծանվակայանների բացումը
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը, խրախուսելով առողջ ապրելակերպն ու «կանաչ» երթևեկությունը, ապրիլի 27-ին ժամը 15:00-ին կազմակերպում է «Կանաչ ուղի» հեծանվային արշավ: Արշավի շրջանակներում պաշտոնապես կբացվեն Երևանում առաջին հեծանվակայանները` 10-ը մեծ և փոքր կենտրոնում և ևս 8-ը` քաղաքի այլ թաղամասերում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, արշավը կազմակերպվել է «Օրանժ Ֆիթնես» և My Bike, DreamShots ընկերությունների, Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հետ համատեղ:
«Սա կարևոր միջոցառում է բոլոր երևանցիների համար,-նշում է Ամերիաբանկի Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը,- այն ի թիվս մի շարք այլ կարևոր նշանակությունների, լուծում է նաև էկոլոգիական խնդիր. մենք բարելավում ենք այն միջավայրը, որտեղ ապրում ենք: Եվ հավատում ենք, որ քաղաքում տեղադրված հեծանվակայանների միջոցով կարող ենք խթանել համապատասխան ենթակառուցվածքի զարգացմանն ու դարձնել մեր քաղաքն ավելի ժամանակակից»:
Հավելենք, որ մեկնարկելով Ազատության հրապարակից`հեծանվային վազքուղին կշարունակվի Երևանի կենտրոնում տեղակայված բոլոր 10 հեծանվակայաններով և կավարտվի «Օրանժ Ֆիթնես» ակումբում: Անվտանգության նկատառումներով վազքուղին, ըստ միջոցառման ժամանակացույցի, հատված առ հատված կփակվի: «Կանաչ ուղի» հեծանվային արշավին մասնակցության հայտ է ներկայացրել մոտ 300 հոգի:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: