Շաբաթ, 26 Ապրիլի 2014 17:01
ID-քարտեր ունեցող հաճախորդները ՎՏԲ-Հայաստան Բանկում կստանան ավելի արագ գործառնական սպասարկում
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, որոնք որպես անձը հաստատող փաստաթուղթ կներկայացնեն ՀՀ նույնականացման քարտեր, այսուհետ կսպասարկվեն հատուկ սարքերի միջոցով, որոնք կարդում են ID-քարտերի տվյալները (ID-card reader-ներ): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, սարքերը նախատեսված են հաճախորդների սպասարկման բարելավման ու ժամանակի տնտեսման համար ինչպես բանկային գործարքներ կատարելիս (տեղական և միջազգային փոխանցումներ, փոխանցումներ պետբյուջե), այնպես էլ քարտեր, վարկեր ու ավանդներ ձևակերպելիս, որի ընթացքում հաճախորդների տվյալները հաշված վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով կմուտքագրվեն բանկային համակարգ առանց ձեռքով մուտքագրելու:
Աղբյուրի համաձայն, նույնականացման քարտերի տվյալներ կարդացող սարքեր տեղադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում: ID-քարտը հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ է, որը պարունակում է բանկերում տարբեր գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան:
«Մենք ձգտում ենք ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկումը և կատարում ենք ևս մեկ քայլ ծառայությունների տրամադրման կատարելագործման ուղղությամբ: Հաշվի առնելով այն, որ նույնականացման քարտերը Հայաստանում աստիճանաբար մտնում են շրջանառության մեջ, մենք վերազինել ենք բանկի մասնաճյուղային ցանցը ID-card reader-ներով, որպեսզի մեր հաճախորդների սպասարկման ընթացքը լինի ավելի արդյունավետ ու արագ»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: