Երկուշաբթի, 28 Ապրիլի 2014 19:51
«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հաստատեց 2013 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները
ԱրմԻնֆո. 2014 թվականի ապրիլի 26-ին «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հաստատեց 2013 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները` ստուգված «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
Աղբյուրի համաձայն, 2013 թվականի վերջի դրությամբ աուդիտ անցած հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012 թվականի նկատմամբ վկայում է հիմնական ֆինանսական ցուցանիշների կայուն աճի մասին: Մասնավորապես, ակտիվները 2012-ի համեմատ աճել են 35.7 %, մինչև 269,3 մլրդ դրամ, վարկային պորտֆելը` 29.8 %, մինչև 172,3 մլրդ դրամ: Ներգրաված միջոցների ծավալն աճել է 39.1 %, մինչև 159,2 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալն 2012-ի համեմատ աճել է 23.1%, մինչև 44.1 մլրդ.դրամ: 2013 թվականն Արդշինինվեստբանկը եզրափակել է 6,4 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան աճը` 51.7 %: 2013 թվականի վերջի դրությամբ բանկի մշտական ակտիվ հաճախորդների թիվն աճել է 19.4 %, մինչև 221 հազար:
Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Արդշինինվեստբանկին հաջողվել է ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից` World Business Capital (WBC)` 10.0 մլն.դոլար, Asian Development Bank (ADB)` 6.0 մլն.դոլար, Atlantic Forfaitierungs` 2.9 մլն.եվրո, Citibank` 2.3 մլն.դոլար, Ռոսսելխոզբանկ` 1.2 մլն.դոլար, Landesbank` 0.5 մլն.եվրո:
Աղբյուրի համաձայն, Արդշինինվեստբանկի կայուն զարգացման մասին է խոսում նաև Moody’s միջազգային վարկանշային գործակալության կողմից Բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի բարձրացումը «կայուն» մակարդակի:
Նշենք, որ Արդշինինվեստբանկը Հայաստանի բանկային համակարգում գործում է 2002 թվականից: Բանկի մեծամասնական բաժնետերն է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն` 97.23%, իսկ մնացած 2.77% բաժնետոմսերը պատկանում են ֆիզիկական անձանց: Բանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: