Ուրբաթ, 25 Ապրիլի 2014 13:02
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օվերդրաֆտ ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ունիվերսալ վարկային կազմակերպություններին (ՈՒՎԿ) օվերդրաֆտ` ընթացիկ հաշվի համալրման հարմար միջոց սեփական միջոցների պակասի դեպքում: Պրոդուկտից կարող են օգտվել ՈՒՎԿ-ները, որոնք ՀՀ տարածքում գործունեություն են ծավալում 12 օրացույցային ամսից ոչ պակաս:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
օվերդրաֆտը տրամադրվում է ՈՒՎԿ-ների`ընթացիկ անհետաձգելի դրամական միջոցների պահանջների օպերատիվ ապահովման նպատակով, եթե դրանք ընթացիկ հաշվի վրա բացակայում են կամ բավարար չեն: Օվերդրաֆտը տրամադրվում է ՈՒՎԿ գործունեության վերլուծության հիման վրա ՀՀ դրամով կամ արտարժույթով 1 տարի ժամկետով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող նոր օվերդրաֆտը լավ պայմաններ է ստեղծում ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար: Մենք նպատակ ունենք ավելացնելու և պահպանելու ներգրավված միջոցների ծավալը պահանջված վարկային շրջանառության հաշվին և ընդլայնելու Բանկի մասնաբաժինը ֆինանսական հատվածի սպասարկման ոլորտում: Վստահ եմ, որ այս աջակցությունը նոր խթան կլինի վարկային շուկայի զարգացման համար»-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայստան Բանկն առաջատարն է սպառողական վարկավորման հատվածում` 70.6 մլրդ.դրամ (վարկային պորտֆելի մոտ 32%-ը), տարեկան աճը` 38%: Միայն օվերդրաֆտներով բանկը գտնվում է առաջատարների եռյակում` 8 մլրդ.դրամ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: